ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, դիտարկումը կանցկացվի ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան):
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում