ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կարող է 2018 թ.–ին վերածվել մասշտաբային ռազմական կոնֆլիկտի։
Երեքշաբթի նման զգուշացում է արել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Загружается новость ... "Лево"
«Վիճահարույց Լեռնային Ղարաբաղի պատճառով առկա լարվածությունը կարող է վերածվել լայնամասշտաբ ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, որին կարող է ներքաշվել նաև Ռուսաստանը` իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար։ Փոխզիջման գնալու երկու կողմերի (Բաքու և Երևան, ՏԱՍՍ) ցանկության բացակայությունը, հասարակությունների ներսում (կովկասյան երկու հանրապետությունների) աճող ճնշումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումն ու Հայաստանի կողմից ռուսական նոր սարքավորումների ձեռքբերումն ամրապնդում են 2018 թ.–ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ռիսկը», – կարծում է Քոութսը։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններն առկա են Քոութսի ելույթի տեքստում, որը պատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Հետախուզության հատուկ կոմիտեի լսումների համար, որոնք կանոնավոր բնույթ են կրում։ Այդ լսումների ժամանակ քննարկվում են ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները։ Քոութսը պաշտոնապես համարվում է ամերիկյան բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների համակարգողը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-