ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ ժամն 08։20–ի դրությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են դիմել Տուլայի ՃՏՊ–ի հետևանքով տասը տուժածներ, տեղեկանում ենք Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։
Նախօրեի ուշ երեկոյան Երևան է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ հատուկ չվերթը Տուլայի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 32 քաղաքացիներով, ևս 12 մարդ մնացել է Ռուսաստանում բուժումը շարունակելու համար, նրանք ռուս բժիշկների հսկողության ներքո են։
Տարածքային կառավարման և ԱԻ նախարարության տվյալներով, ԲԿ են դիմել Գևորգ Իսպիրյանը (1980 թ.ծնվ), Նարինե Երեմիշյանը (1961թ.), Կարեն Սաֆարյանը (1985թ.), Ռադիկ Անտոնյանը (1972թ.), Արկադի Համբարձումյանը (1992թ.), Սարգիս Մկրտչյանը (1966թ.), Կամո Մկրտչյանը (1964թ.), Սիրեկան Թադևոսյանը (1960թ.), Ժորա Ռուշանյանը (1998թ.) և Քնարիկ Ռուշանյանը (1971)։
Տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում, վստահ է նախարարը>>
«Հայգեր» մակնիշի ուղևորատար ավտոբուսը Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում կողաշրջվել է «Դոն» ավտոճանապարհին նոյեմբերի 3–ի լույս գիշերը։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ավտոբուսի վարորդը 2 ամսով կալանավորվել է: -0-