Կենդանաբանական այգու զեբրն անկել է, նրա օրգանիզմում հայտնաբերվել է մեծ քանակի մկնդեղ

13.11.2018, 19:52
Երևանի կենդանաբանական այգու զեբրն անկել է, նրա օրգանիզմում հայտնաբերվել է մեծ քանակի մկնդեղ։
Կենդանաբանական այգու զեբրն անկել է, նրա օրգանիզմում հայտնաբերվել է մեծ քանակի մկնդեղ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգու զեբրն անկել է, նրա օրգանիզմում հայտնաբերվել է մեծ քանակի մկնդեղ, հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն, տեղեկացնում է կենդանաբանական այգու տնօրինությունը։

«Նշենք, որ նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի կենդանաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Մոսկվա, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները», – նշվում է այգու տարածած հաղորդագրության մեջ։

Այսօր՝ նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել է կենդանու անկում։

Նշենք, որ կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ։–0–