Ձերբակալվել է նախօրեին Երևանի կենտրոնում տաքսու վարորդին դաժանաբար սպանած կասկածյալը
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ձերբակալվել է նախօերին Երևանի Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում տաքսու վարորդին դաժանաբար սպանած կասկածյալը։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1–ին ժամը 14-ին նշված խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1990 թ. ծնված Վահրամ Վերանյանը արգելափակել է «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի տաքսի ավտոմեքենայի ընթացքը և իջնելով ավտոմեքենայից՝ դանակով հարվածներ է հասցրել «Ֆորդ Ֆոկուս»-ը վարող Արսեն Խանամիրյանի (1968 թ. ծնված) որովայնի և կրծքավանդակի հատվածներին, ինչի հետևանքով Խանամիրյանը հիվանդանոցում մահացել է։
Երևանում դաժան ծեծի ենթարկված տաքսիստը հիվանդանոցում մահացել է>>
«Ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ Վահրամ Վերանյանը հունիսի 1–ին ժամը 15.30-ին մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ` դեպքի առթիվ 2016 թ.–ի հունիսի 1–ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Վերանյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ` Խանամիրյանը նախկինում ֆուտբոլիստ է եղել, հանդես է եկել հայկական տարբեր ակումբներում։–0–

