ՀՀ ԱԳՆ–ն հաստատում է Ախալքալաքում հայկական ընտանիքի սպանության մեջ կասկածվողի ձերբակալման տեղեկատվությունը

11.07.2016, 17:17
ՀՀ արտգործնախարարությունը, հղում անելով վրացական կողմի տվյալներին, հաստատել է Վրաստանում հայկական ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվողի ձերբակալման տեղեկատվությունը։
ՀՀ ԱԳՆ–ն հաստատում է Ախալքալաքում հայկական ընտանիքի սպանության մեջ կասկածվողի ձերբակալման տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտգործնախարարությունը, հղում անելով վրացական կողմի տվյալներին, հաստատել է Վրաստանում հայկական ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվողի ձերբակալման տեղեկատվությունը։

 «Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԶԼՄ–ները մանրամասներ են հաղորդում Ախալքալաքում հայկական ընտանիքի դաժան սպանության մասին. կասկածյալները հայտնի են>>

ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշի ուշով հետևում է զարգացումներին:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԶԼՄ–ների հաղորդմամբ` հուլիսի 10–ի գիշերը երեք երիտասարդներ մտել են Խաչոտյանների տուն` գումար գողանալու նպատակով, որը ընտանիքի հայրը վերջերս էր ուղարկել Խաբարովսկից։ Նրանք կոտրել են պատուհանը, մտել տուն, սակայն կինը դուրս է եկել և տեսել երիտասարդներին։ Նա ճանաչել է հանցագործներին, ովքեր երկաթե ամրանով հարվածել են նրա գլխին, ինչից հետո սպանել են նաև երկու ավագ դստրերին։ Սպանությունից հետո, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, երիտասարդները փորձել են այրել տունը։ Սակայն տունը մինչև վերջ չի այրվել, բայց հինգ տարեկան տղան, ով այդ ժամանակ քնած է եղել, շնչահեղձ է եղել շմոլ գազից։–0–