«Մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման». թուրքական ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության ճանաչմանն արձագանքելու համար

28.04.2021, 12:17
«Մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման». թուրքական ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության ճանաչմանն արձագանքելու համար
«Մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման». թուրքական ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության ճանաչմանն արձագանքելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի գլխավոր` Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը` խոսելով 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանության մասին։ Դրան ի պատասխան` Էրդողանը հայտարարեց, որ դրանք ոչ իրավաչափ, անարդար և պատմությանը հակասող խոսքեր են։

«Մենք վշտացանք։ Այդ խոսքերը չունեն որևէ պատմական և իրավաբանական հիմք», – ասել է Թուրքիայի նախագահը։

«Սա այն կետն է, ուր բերեց Թուրքիային ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենը հայտարարեց (ցեղասպանության մասին), ինչից հետո Էրդողանը լռեց երեք օր։ Ոմանք սպասում էին, որ Էրդողանն ի պատասխան կմռնչա առյուծի նման, և նրան բոլորը կլսեն։ Բայց մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման։ Տխուր է, բայց փաստ է», – ասել է Քըլըչդարօղլուն` ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ։

Նա նաև հիշեցրեց, որ Բայդենից առաջ ԱՄՆ ոչ մի նախագահ 1915թ.–ի իրադարձությունները չի անվանել Ցեղասպանություն։

«Ինչու՞ դա տեղի ունեցավ հիմա։ Նա անում է այն, ինչ համարում է անհրաժեշտ իր ներքին քաղաքականության շրջանակում։ Իմաստ չկա բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է ձեզ նայեք», – հայտարարել է թուրքական ընդդիմության առաջնորդը` մեղադրելով երկրի ղեկավարությանը հստակ արտաքին քաղաքականության բացակայության մեջ։

«1915թ.–ի իրադարձությունները ցավոտ են, և եթե անհրաժեշտ է, դրանք պետք է ուսումնասիրվեն։ Այդ խնդիրը պետք է կատարեն պատմաբանները։ Թուրքիան հայտարարել է, որ միշտ պատրաստ է։ Թող Հայաստանը բացի իր արխիվները։ Թող պատմաբաններն ուսումնասիրեն իրական փաստաթղթերը», – ավելացրել է Քըրըչդարօղլուն։–0–