Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

20.05.2024, 00:16
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կիրակի՝ մայիսի 19–ին «կոշտ վայրէջք» է կատարել
Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կիրակի՝ մայիսի 19–ին «կոշտ վայրէջք» է կատարել։
Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նախագահի շարասյան մեջ գտնվող երեք ուղղաթիռներից մեկը, որով ուղևորվում էր Ռաիսին, ենթադրաբար վթարի է ենթարկվել։

Դեպքի վայր փրկարարական ջոկատներ են ուղևորվել։

Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։

Հաղորդվում է, որ կոշտ վայրէջքի վայրի որոնումը բարդանում է եղանակի պատճառով։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հրահանգել է մոբիլիզացնել բանակի բոլոր ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու ոստիկանությունը՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիիի ուղղաթիռը գտնելու համար։

Իրանի պետական IRNA գործակալությունը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին, հայտնում է, որ Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ վայրը» տեղորոշվել է։

Հայաստանն Իրանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնում։

«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են։

Մինչև փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», - ասված է Արտգործնախարարության X-ում արված գրառման մեջ։