ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին նշեց, որ «Սպայկա» ընկերության դեմ հարուցված գործով նախապես հնչեցված թվերը գնալով ավելացել են։
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափով հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ։ Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։
«Քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ ենք կատարում, ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ, ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով մեր քննությունն առանձնացրել ենք և հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի», – նշեց Անանյանը։
Նրա խոսքով, քննիչները շարունակում են աշխատել` լրացուցիչ փաստեր ձեռք բերելու համար։
«Այս փուլում կազմակերպությանն ու կազմակերպության պաշտոնատարներին մի փոքր ազատ ենք թողել, որպեսզի իրենք ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն, բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել, ընդհակառակը նախապես հնչեցված թվերը գնալով ավելացել են», – ընդգծեց Անանյանը` հրաժարվելով նշել կոնկրետ թվեր։
Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Նա ապրիլի 5–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է խախտումների փաստը` հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը` գործող օրենսդրությանը համապատասխան։
Ապրիլի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ղազարյանը կալանավորվել է, իսկ ապրիլի 30–ին Վերաքննիչ դատարանը մերժել է գրավի դիմաց Ղազարյանին ազատ արձակելու մասին փաստաբանների միջնորդությունը։
Ավելի ուշ Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է 1 մլրդ դրամ վճարելուց հետո։
2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել էպանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-