ՀՀ–ում որոշել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը

16.10.2020, 13:44
ՀՀ–ում որոշել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը
ՀՀ–ում որոշել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է նախագիծ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին։

Նախագծում նշվում է, որ հիմք ընդունելով  «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

– Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը համաձայն

– Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամանակավոր արգելքի մասին

– Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը

– Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և գործում է վեց ամիս ժամկետով:

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը», – ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է։–0–