Տղամարդկանց և կանանց ուղիները ներդրումների հարցում. կա՞, արդյոք, «սեռերի մենամարտ» ֆինանսական շուկայում
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներդրողները, ռազմավարություն կազմելիս, հաշվի են առնում տարբեր գործոններ՝ օբյեկտիվ ցուցանիշներից (ինչպիսիք են նպատակներն ու ֆինանսական վիճակը) մինչև անհատական առանձնահատկություններ՝ խառնվածք և պատրաստակամություն ռիսկին։ Գիտնականները՝ բժիշկներ և բնապահպաններ, ձգտում են բացահայտել օրինաչափություններ, պարզաբանել, թե իրականում ինչն է ազդում ներդրումային գործընթացի վրա և առանձնացնել կարծրատիպերը հիմնավորված վիճակից։
Ուշադրություն գրավող հարցերից մեկն այն է, թե արդյոք ֆինանսական շուկայում անձի որոշումները կախված են սեռից, և ինչպե՞ս է դա դրսևորվում: Եկեք դիտարկենք տղամարդկանց և կանանց կողմից կատարվող ներդրումները տարբեր տեսակետներից և նկարագրենք ընդհանուր միտումները:
Հանդուրժողականություն ռիսկի նկատմամբ և ներդրումային ընտրություն
Համատարած կարծիք կա, որ կանայք ավելի քիչ են հակված ռիսկի, քան տղամարդիկ: Սակայն այստեղ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Տարբեր թեստերի արդյունքների հիման վրա պետք է հաշվի առնել խնդիրների ուղղվածությունը և տվյալների ծավալը:
Գործնական ներդրումներում համարձակ որոշումներ կայացնելու պատրաստակամությունը հաճախ կախված է հոգեբանական առանձնահատկություններից և համատեքստից: Կանայք ձգտում են ապահովել իրենց ապագան և նվազագույնի հասցնել հնարավոր կորուստները: Նրանց համար կարևոր է վերահսկել իրավիճակը։ Դա պայմանավորված է նաև տղամարդկանց համեմատ ավելի ցածր եկամուտներով, նույնիսկ նույն պաշտոններում:
Կանայք նախընտրում են ներդրումների արդյունավետությունն ու հուսալիությանը, ոչ թե արագ շահույթ ստանալը: Երկարաժամկետ հեռանկարում նրանց ներդրումները հաջողված են։ Սակայն երկար ժամանակահատվածում ակտիվների անկայունությունը հարթվելու միտում ունի: Հետևաբար, նույնիսկ ավելի ռիսկային ներդրումները, որոնք առավել հաճախ անում են տղամարդիկ, կարող են արդյունավետ լինել:
Կանայք ապավինում են դիվերսիֆիկացման մեթոդին, որը թույլ է տալիս բալանսավորել պորտֆելը: Տղամարդիկ ավելի հաճախ պատրաստ են որպես հիմնական ակտիվ ընտրել բաժնետոմսերը, որոնք ռիսկային և եկամտաբեր ակտիվ են։
Առևտրի հաճախականությունն ու իմպուլսիվությունը
Բրիտանական IG բրոքերային ընկերության տվյալներով՝ տղամարդիկ գործարքներ են կատարում 45%-ով ավելի հաճախ, իսկ նրանք, ովքեր լրացուցիչ ֆինանսական պատասխանատվություն չեն կրում ուրիշների համար՝ 67%-ով։ Նրանք կանանցից ավելի հաճախ են զբաղվում թրեյդինգով՝ գործարքների կատարմամբ առևտրային նստաշրջանի ընթացքում։ Այս մոտեցումը տարբերվում է պորտֆելի ներդրումներից նրանով, որ ակտիվը պահվում է ավելի կարճ ժամանակով, և ռիսկն ամենամեծն է։
Կանայք, իրենց հերթին, հակված են հավասարակշռված մոտեցման, որը բնութագրվում է ավելի քիչ հաճախականությամբ և ավելի մեծ համբերությամբ: Սա կարող է հանգեցնել լավագույն արդյունքների, հատկապես շուկայի անկայունության ժամանակ։
Տղամարդկանց իմպուլսիվությունն ու համարձակությունը կարելի է բացատրել տեստոստերոնի բարձր մակարդակով։ Դա, օրինակ, բացահայտվել է Լոնդոնի կայսերական քոլեջի կողմից իրականացված գիտափորձերի ժամանակ։ Ուսումնասիրության ընթացքում մոդելավորվել է բորսայական առուվաճառքի գործընթացը։ Տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ ունեցող մասնակիցները կայացրել են լավատեսական և ռիսկային որոշումներ:
Տղամարդկանց բնորոշ են վստահությունը որոշումների հարցում և իմպուլսիվությունը: IG-ի գնահատմամբ, գործարքների չափազանց մեծ հաճախականությունը հանգեցրել է տղամարդ ներդրողների տարեկան զուտ շահույթի 2,65%-անոց կորստի: Մյուս կողմից, նյարդակենսաբան և նախկին թրեյդեր Ջոն Քոութսն իր փորձի ժամանակ ցույց է տվել, որ ինքնավստահ առևտրականները, որոնք ունեն տեստոստերոնի բարձր մակարդակ, ստանում էին խոշոր շահույթ, որը գերազանցում էր ռիսկը։
Արդյունքների տարբերությունը ընդգծում է շուկային բնորոշ տարատեսակությունը և համատեքստի կարևորությունը: Հավասարակշռությունը պահպանելու համար կարևոր է ինչպես ագրեսիվ, այնպես էլ պահպանողական ներդրողների առկայությունը:
Որոշումների կայացման գործընթացը
Կանայք նպատակաուղղված են սեփական և ընտանիքի ֆինանսական անվտանգության ապահովմանը: Խոշոր ֆինանսական հոլդինգի՝ Fidelity Investments-ի տվյալներով, կանանց համար կարևոր են կառավարման համար հասկանալի ռեսուրսը և գրագետ խորհրդատուն (22%): Նրանք ձգտում են մեծ կապիտալ պատրաստել և կիրառել ստուգված մեխանիզմներ։
Տղամարդիկ հաճախ նախընտրում են ինքնուրույն վերլուծություն: Նրանք դիմում են անկախ աղբյուրների՝ գտնելով տեղեկատվություն ինտերնետում, կենտրոնանալով ֆինանսական նորությունների, գործակալությունների հետազոտությունների և շուկայի առաջատար խաղացողների տվյալների վրա: Տղամարդիկ հակված են ընտրել մամուլում հաճախ հիշատակվող ընկերություններ, ինչպես նաև ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը այլ ներդրողների հետ շփվելու և իրավիճակը վերահսկելու համար։
Արդյունավետություն
Վերջին երեք տասնամյակների հետազոտությունները ցույց են տալիս կայուն միտում, որ կանանց կողմից կատարվող ներդրումներն ավելի հաջողված են: Արդեն 90-ականներին Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը պարզել է, որ կանանց արդյունավետությունը 1 տոկոսով գերազանցում է տղամարդկանց արդյունավետությանը։
Շվեդական Euroclear Sweden ընկերությունն ուսումնասիրություն է անցկացրել 2023 թվականին և պարզել, որ ազգային շուկայում երեք եռամսյակում կանանց կողմից կառավարվող պորտֆելներն աճել են 1,9%-ով, մինչդեռ տղամարդ ներդրողների պորտֆելները գրանցել են 2%–անոց անկում։ IG-ի հաճախորդների թիվը 2019 թվականից սկսած չորս տարվա ընթացքում աճել է 48%-ով։ Պարզվել է նաև, որ եկամտաբերությամբ նրանք տղամարդկանցից ավելի հաջողակ են։
Ըստ գլոբալ լրատվական ալիքի՝ The Fintech Times-ի՝ կանայք 1,94%-ով գերազանցել են տղամարդկանց, մինչդեռ Fidelity Investments-ը հաղորդում է 0,4% կայուն տարբերության մասինԼ
Կանանց բարձր արդյունքները դրսևորվում են նաև շահութաբերության և եկամտաբերության հարաբերակցության առումով օպտիմալ պորտֆելներ ձևավորելու հարցում, ինչը կապված է ավելի պահպանողական մոտեցման հետ։
Ներդրումներ և արժեքներ
Շուկայական ուղղություններն ընտրելիս կանայք տղամարդկանցից ավելի հավանական է, որ կառաջնորդվեն ներդրումների սոցիալական պատասխանատվության սկզբունքներով։ Հայեցակարգը ներդրումներ կատարել ընկերություններում, որոնք հոգ են տանում շրջակա միջավայրի մասին, դրական ազդեցություն ունեն հասարակության վրա, օգտագործում են կառավարման արդար և թափանցիկ մեխանիզմներ: Նրանց գործունեությունը կարող է կապված լինել, օրինակ, բնապահպանական նախագծերի կամ բժշկության զարգացման հետ:
Եթե կազմակերպությունը դադարում է աջակցել նշանակալից նախագծերին, խախտում է ֆինանսական և կորպորատիվ կանոնները, ներդրողները «պատժում» են նրան՝ փորձելով հրահրել բաժնետոմսերի փլուզում:
Female invest պորտալը գրում է կանանց 71%-ի և տղամարդկանց 58%-ի մասին, որոնք ներդրումներ են կատարում՝ հիմնվելով ESG (Environmental, social and governance Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում) սկզբունքների վրա: Ընտանեկան բիզնեսի համար ծառայություններ մատուցող Simple ընկերությունը ներկայացնում է տվյալներ այն մասին, որ 30-ից 40 տարեկան կանանց 61%-ն ընտրում է թողարկողների, որոնց գործունեությունը դրական է ազդում հասարակության և շրջակա միջավայրի վրա:
Գիտելիքների մակարդակը
Աշխարհի տարբեր երկրներում կանոնավոր կերպով կազմակերպվում են ֆինանսական կրթվածության թեստեր, և տղամարդիկ, որպես կանոն, ավելի հաջող են այդ հարցում։ Կարևոր է նաև նշել, որ տարբերությունը կրճատվում է այն դեպքում, երբ պատասխաններում բացակայում է «Չգիտեմ/դժվարանում եմ» տարբերակը։ Նշանակում է, որ կանանց, առաջին հերթին, խանգարում է անվստահությունն ու «հարմարավետ» չեզոքության մեջ թաքնվելու ցանկությունը։
Համոզմունքը սեփական անտեղյակության հարցում հանգեցնում է ներդրումներից հրաժարվելուն։ Կանայք վախենում են բացասական փորձից, որը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների: Տղամարդիկ, ընդհակառակը, պատրաստ են գործնական քայլերի և արդյունքում ավելի շատ ու հաճախ են ներդրումներ կատարում։
Վերջին երկու տարիների ընթացքում Fidelity-ի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք իրենց վստահ են զգում անձնական և ընտանեկան բյուջեն կառավարելու հարցում՝ հարցվածների միջինը 70%-ը: Սակայն մասնակիցների միայն 19%-ն է դրական գնահատել սեփական ուժերը ներդրումներ կատարելիս։
Կանանց ներկայությունը շուկայում սահմանափակվում է նաև ավագ սերունդների ցածր ակտիվությամբ։ Fidelity-ն նշում է, որ ավելի հաճախ ներդրումներ են կատարում 1980–ականներից հետո ծնված կանայք։ Ընդ որում, նրանք պատրաստ են շուկա դուրս գալ բավականին շուտ։ 18-ից 35 տարիքային խմբում միջին տարիքը, երբ կանայք բրոքերային հաշիվ են բացում, 21 տարեկանն է:
Ամփոփենք արդյունքները․
Ֆինանսական կազմակերպությունների և շուկայի վերլուծաբանների տվյալներով, ներդրումների նկատմամբ «տղամարդկանց» և «կանանց» մոտեցումները տարբերվում են: Ավելին, փորձագետները մեր ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ.
• ընդհանուր միտումները դեռևս օրենք չեն.
• կարևորը ոչ թե որոշակի սեռին պատկանելու փաստն է, այլ գենդերային սոցիալականացումը, այլ կերպ ասած՝ տղամարդկանց և կանանց ընկալումը հասարակության մեջ իրենց դերի մասին.
• Յուրաքանչյուր անձի ներդրումային ընտրությունն անհատական է:
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: