ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանը սպասում է, որ ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ներողություն խնդրի նրանից, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Մարգար Եսայանը կողմ էր քվեարկել Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձևին, ինչից հետո Նաիրա Զոհրաբյանը հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում նրան մի քանի քաղցր խոսք էր ասել: Ավելի վաղ հաղորդվել էր նաև, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել Զոհրաբյանի դեմ, և այն կարող է ընթացք ստանալ:
ԵԽԽՎ նախագահը քննարկելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի վարքը>>
««Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը երեկ «ՀԺ»-ի խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ-ում իր և ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև անդրադարձել է ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին իր քվեարկությանը»,– նշվում է թերթում։
Եսայանն ասել է, որՆաիրա Զոհրաբյանն իրեն հայհոյել և սպառնացել է, ավելացնելով, որ գանգատ է ներկայացվել նախագահությանը։ «Տեղեկացրեցին արածների մասին։ Պատժամիջոցներ պետք է գործադրվեն իր դեմ: Նաիրա Զոհրաբյանը պիտի զգուշացվի: Մեզ հայտնեցին, որ ապրիլին՝ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում նա կարող է ներողություն խնդրել»,- տեղի ունեցածն այսպես է ներկայացնում Եսայանը։
Վերջինիս կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավոր Զոհրաբյանը անվայելուչ պահվածք ունի, ինչը Հայաստանի պետականությանն անվայել է:
Ինչ վերաբերվում է ադրբեջանամետ բանաձևին իր կողմ քվեարկելուն, ապա, Եսայանի կարծիքով, այդ բանաձևն ունի մարդասիրական բնույթ: Եսայանը նշել է, որ պարտավոր չէ հաշիվ տալ իր քվեարկության համար, քանի որ հետևել է իր խղճի ձայնին, և ցեղապաշտություն է անվանել ազգային պատկանելության հիման վրա որևէ անձից վերաբերմունք ակնկալելը։ Նա ավելացրել է, որ այդպես է քվեարկել ոչ թե Թուրքիայի պատվիրակության անդամ լինելու պատճառով, այլ իր ազատ կամքով։
Գրառման մեջ նշվում է, որ ի պատասխան Եսայանի խոսքին` Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե եթե պատգամավորն այդքան անկեղծացել է, ապա նրանից էլ պետք է հարցնել, թե ինչ է ասել Զոհրաբյանը, իսկ թուրքահայ պատգամավորից ներողություն խնդրելու վերաբերյալ հարցադրմանը պատասխանել է.
«Մարգար Եսայանը նույնիսկ իր ամենաերկնագույն երազում չի կարող ակնկալել և տեսնել, որ ես իրենից ներողություն խնդրեմ, իսկ որ ինքը բողոք է գրել, դա արդեն իսկ ակնհայտ է թուրքական պատվիրակության և ԵԽԽՎ թուրք լոբբիստ նախագահի գործողություններից»:
Անդրադառնալով Եսայանի` Ուոլթերի բանաձևի մարդասիրական բնույթի մասին խոսքին` Զոհրաբյանն ասել է. «Եթե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք համարելը, եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը արհամարհելը, այնտեղի ժողովրդի ազատության իրավունքի վրա թքած ունենալը Եսայանը համարում է մարդասիրություն, ուրեմն ես պատրաստ եմ ապրիլյան նստաշրջանում Մարգար Եսայանին ասել այն, ինչ ասել եմ հունվարյան նստաշրջանում»: -0-