ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է սաստիկ շոգ: Այս մասին չորեքշաբթի ասուլիսի ընթացքում ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Այս պահին ջերմային ցիկլոնը Իրաքից դեպի հյուսիս է շարժվում և արդեն վաղը կհասնի Կովկաս»,– նշեց նա։
Загружается новость ...
"Право"
Սուրենյանի խոսքերով օգոստոսի 3-7-ը Հայաստանը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության ներքո։
«Տաք օդային հոսանքն ավելի շատ կազդի Արարատյան դաշտի և Սյունիքի հովտային գոտիների վրա։ Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: Եթե վերջին 2 օրը Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտիներում օդի միջին ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից ամեն օր մեկ աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա»,–հավելեց Սուրենյանը։
Ըստ նրա` առավելագույն ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-ին և 7-ին:
«Այդպիսով, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36 աստիճանի, ինչը լեռնային շրջաների համար բավական բարձր ջերմաստիճան է: Լոռիում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 36 աստիճան, իսկ Տավուշի հովտային գոտիներում`39 աստիճան տաքություն։ Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում` 38-40 աստիճան»,–նշեց նա։
Ըստ Սուրենյանի` Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի։
«Առանձին վայրերում չի բացառվում, որ ջերմաստիճանը հասնի 42 աստիճանի: Նույնպիսի ջերմաստիճան է կանխատեսվում նաև Սյունիքի հովիտներում»,– տեղեկացրեց նա։
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է, քանի որ օդային հոսանքը գալիս է արաբական անապատներից, օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցենտրացիան, արդյունքում` հորիզոնական տեսանելիությունը կնվազի։
«Բացի այդ, կնվազի նաև օդի հարաբերական խոնավությունը։ Մենք խորհուրդ ենք տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ինչպես նաև մաքուր օդում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել շատ հեղուկներ և առհասարակ հրաժաևվել ալկոհոլային խմիչքներից»,–ասաց Սուրենյանը:-0-