Վանաձորում մահացած ծննդկանի նորածինը լիովին առողջ է. ԱՆ

19.10.2016, 12:29
Վանաձորի ծննդատանը օրեր առաջ մահացած 32–ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի նորածինը լիովին առողջ է։
Վանաձորում մահացած ծննդկանի նորածինը լիովին առողջ է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վանաձորի ծննդատանը օրեր առաջ մահացած 32–ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի նորածինը լիովին առողջ է։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման դեպարտամենտի պետ Կարինե Սարիբեկյանը, նախնական տվյալներով` 32–ամյա ծննդկանի մահվան պատճառն արյունահոսությունն է։

«Մենք չենք կարող տրամադրել մանրամասն տեղեկատվություն, քանի որ ընթանում է նախաքննություն, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն։ Միակ բանը, որ կարելի է ենթադրել, այն է, որ կինը բավականին տարիքով է եղել առաջին ծննդաբերության համար, սակայն դա դեռ խնդիր չէ», – հայտարարեց նա։

Սարիբեկյանի խոսքով` երեխան առողջության հետ կապված խնդիրներ չունի, նա ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով։

Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։–0–