Սիմոնյանը չէր սպասում ստանալ «Ֆուտբոլում մարդկայնության համար» ՌՖՄ-ի մրցանակը

20.01.2012, 10:51
Սիմոնյանը չէր սպասում ստանալ «Ֆուտբոլում մարդկայնության համար» ՌՖՄ-ի մրցանակը
Սիմոնյանը չէր սպասում ստանալ «Ֆուտբոլում մարդկայնության համար» ՌՖՄ-ի մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ, Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը չէր սպասում, որ կդառնա «Ֆուտբոլում մարդկայնության համար» մրցանակի առաջին դափնեկիրը, ինչի մասին հայտարարել է «Р-Спорт» գործակալությանը:

ՌՖՄ-ն հինգշաբթի Միխայլովսկու թատրոնում կայացած երեկոյի ընթացքում, որը նվիրված էր կազմակերպության 100-ամյակին, ներկայացրեց նոր մրցանակ՝ «Ֆուտբոլում մարդկայնության համար»: Միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն բեմից հրապարակեց մրցանակի առաջին դափնեկիրների անունները, որոնց թվում էին խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես չէի սպասում, որ ինձ կհանձնեն նման մրցանակ՝ «Ֆուտբոլում մարդկայնության համար»: Այո, ինձ զգուշացրել էին, որ Կարեն Շահնազարովը կհրավիրի բեմ, և մենք կխոսենք ֆուտբոլի մասին, սակայն ոչ ոք չէր ասել, որ նման մրցանակի կարժանանամ: Վաղուց ես այսքան հուզված չեմ եղել, ինչպես հիմա՝ մրցանակը ստանալուց հետո: Վստահեցնում եմ ձեզ, որ մեր շատ ֆուտբոլիստներ ևս նման մրցանակի են արժանի», - ասել է Սիմոնյանը «Р-Спорт»-ի թղթակցին:

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Ռուսաստանի հավաքականը պետք է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը մեկնի միայն մեկ նպատակով՝ նվաճել ոսկե մեդալներ: «Ոչ մի ֆուտբոլային հանդիպման չի կարելի դուրս գալ առանց հաղթանակի հավատի: Չի կարելի նաև գնալ Եվրոպայի առաջնությանն առանց հաղթանակ տանելու մտքի: Սակայն ցանկանում եմ զգուշացնել այն լավատեսներին, ովքեր կարծում են, թե Ռուսաստանի հավաքականը հայտնվել է թույլ խմբում: Մենք շատ լուրջ խումբ ունենք, սակայն բոլոր երկրպագուները կարծում են, թե մենք այնտեղից պետք է դուրս գանք առաջին տեղով: Եթե մեզ ներեն դուրս չգալը մի խմբից, որտեղ մրցում են Իսպանիան, Գերմանիան և Անգլիան, ապա լեհերի, չեխերի և հույների խմբից փլեյ-օֆֆ դուրս չգալը մեզ ոչ ոք չի ների», - նշել է Սիմոնյանը:

Ֆուրսենկոյի խոսքերով՝ «Ֆուտբոլում մարդկայնության համար» մրցանակը հանձնվել է «երեք հռչակավոր համաշխարհային մարդկանց»: ՌՖՄ-ն ամեն տարի մեկական մրցանակ է հանձնելու, և դա ավանդույթ կդառնա:-0-