Ռուսաստանցի ծանրամարտիկ Դավիթ Բեջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել

16.12.2011, 13:57
Ռուսաստանցի ծանրամարտիկ Դավիթ Բեջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
Ռուսաստանցի ծանրամարտիկ Դավիթ Բեջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել

Ստավրոպոլի երկրամասի ծանրամարտիկ Դավիթ Բեջանյանը Ռուսաստանի գավաթակիր է դարձել 105 կգ քաշային կարգում՝ երկամարտի արդյունքում բարձրացնելով 430 կգ և սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամարս» թերթի տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով BUDENNOVSK.ORG լրատվական գործակալությանը, Բեջանյանը պոկում վարժությունում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ բարձրացնելով 240 կիլոգրամ, ինչը երեք կիլոգրամով գերազանցում է համաշխարհային նախկին ռեկորդը:

Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի գավաթին հաջող ելույթ են ունեցել նաև Ստավրոպոլի երկրամասի հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ: Այսպես, Արմեն Ալեկյանը երկրորդ տեղն է զբաղեցրել մինչև 69 կգ քաշային կարգում, իսկ Վանիկ Մկրտումյանը զբաղեցրել է երրորդ տեղը մինչև 56 կգ քաշային կարգում:

Դավիթ Բեջանյանին և նրա մարզիչ Վլադիմիր Կնիգային Ռուսաստանի ծանրամարտի գավաթում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վալերի Գաևսկին:
Մարզիկին ուղղված շնորհավորական հեռագրում նշվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի գավաթում տարած հաղթանակի և համաշխարհային նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ: Դուք ցուցադրել ենք բարձր վարպետություն և կամքի ուժ, փառաբանել եք Ստավրոպոլի երկրամասը ձեր բարձր արդյունքով»:-0-