Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է «տգետ» մրցավարի գործողությունները

13.10.2011, 10:40
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է «տգետ» մրցավարի գործողությունները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է «տգետ» մրցավարի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների՝ Դուբլինում կայացած հանդիպման ժամանակ իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդո Գոնսալեսի գործողությունները, Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստներն արտագնա խաղում 2:1 հաշվով զիջեցին իռլանդացիներին և զրկվեցին Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու համար պայքարը շարունակելուց:
Խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը դաշտից հեռացրեց հայկական հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ նա տուգանային հրապարակի սահմաններից դուրս իբր ձեռքով խաղաց: Սակայն կրկնապատկերի ժամանակ պարզ երևում էր, որ գնդակը դարպասապահի ձեռքին չի դիպել: Ավելին, գրոհի ժամանակ իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը ձեռքով խաղաց: BBC-ին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել է իր ձեռքին:

«Ինչ վերաբերում է մրցավարին, մենք արդեն բողոքարկել ենք մրցավարի արարքների համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկու կարմիր քարտը չեղյալ անելը»,- իր էջում գրել է Հայրապետյանը:
Միաժամանակ նա հերքել է այն խոսակցությունները, որ ստեղծված իրավիճակը ՈՒԵՖԱ-ի կողմից ինչ-որ պատվերի հետևանք է: «Սիրելի ֆուտբոլասերներ, խնդրում եմ հավատացեք ինձ, ՈւԵՖԱ-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել: Միշել Պլատինին այն մարդը չէ, որ իրեն թույլ տար նման արարք»,- ընդգծել է Հայրապետյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ հավաքականի ֆուտբոլիստների մեծարման արարողությունը կանցկացվի տարեվերջին բարձր մակարդակով:
«Իրականում մենք ունենք իրոք ուժեղ, պայքարող, նվիրված իրենց գործին ֆուտբոլիստներ: Նրանք արժանի են հաղթանակի: Բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները: Եկեք չհուսահատվենք և աջակցենք մեր սիրելի թիմին և մեր հրաշալի տղաներին»,- երկրպագուներին է դիմել Հայրապետյանը:
Նա երախտագիտություն է հայտնել բոլոր ֆուտբոլասերներին ազգային թիմին աջակցելու համար՝ նշելով, որ հպարտանում է նրանցով:

Իռլանդացիների պարտությունից հետո հայկական հավաքականը 17 միավորով մնացել է երկրորդ ընտրական խմբի երրորդ տեղում: Դա լավագույն արդյունքն է հայկական ֆուտբոլի ողջ ժամանակակից պատմության մեջ: Բացի այդ, Հայաստանը 22 գոլով ընդգրկվել է ընտրական փուլի ամենաարդյունավոր հավաքականների վեցնյակում: -0-