Հայաստան-Մակեդոնիա հանդիպման տոմսերը դեռ չեն սպառվել. ՀՖՖ ղեկավար

23.09.2011, 15:56
Հայաստան-Մակեդոնիա հանդիպման տոմսերը դեռ չեն սպառվել. ՀՖՖ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակում հոկտեմբերի 7-ին Հայաստան-Մակեդոնիա մրցախաղի 2000 տոմս է մնացել:

«Վաճառքում դեռ մոտ 2000 տոմս է մնացել, բայց ես չեմ կասկածում, որ Հանրապետական մարզադաշտում անշլագ է լինելու»,- ասաց Հայրապետյանը:

ՀՖՖ ղեկավարը կոչ է արել հայ երկրպագուներին խաղից 40 րոպե շուտ գալ և օգտվել մարզադաշտի երկրորդ մուտքից, որպեսզի խուսափեն հրմշտոցից:

Վերավաճառողների վերաբերյալ հարցին Հայրապետյանը հայտնեց, որ ոչ ցանկություն ունի և ոչ էլ պատրաստվում է պայքարել նրանց դեմ:
«Դրա համար մեր երկրում հատուկ կառույցներ կան, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- ասաց Հայրապետյանը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4:0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները:
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են:

Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով:
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1:0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7:
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնացիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին  Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ -0-