Սլովակների մարզիչն իր վրա է վերցրել Հայաստանից կրած ջախջախիչ պարտության պատասխանատվությունը

07.09.2011, 11:20
Սլովակների մարզիչն իր վրա է վերցրել Հայաստանից կրած ջախջախիչ պարտության պատասխանատվությունը
Սլովակների մարզիչն իր վրա է վերցրել Հայաստանից կրած ջախջախիչ պարտության պատասխանատվությունը

Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Սլովակիայի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն իր վրա է վերցրել 0։4 հաշվով ջախջախիչ պարտության պատասխանատվությունը։

«Առաջին խաղակեսին մենք բաց թողեցինք գոլ խփելու 3-4 հնարավորություն, իսկ հանդիպման երկրորդ կեսին խաղը մեր օգտին չէր դասավորվում։ Մենք վատ չէինք գործում, բայց չի կարելի հաղթանակ տանել առանց գոլերի։ Այդ պարտության պատասխանատվությունն իմ վրա է»,- Վայսի խոսքը մեջբերում է sportinfo.am-ը։

«Իրականում մենք շատ լավ պահեր ունեցանք, բայց դրանք չիրականացրեցինք։ Նաև Բերեզովսկին էր շատ լավ գործում։ Կրկնում եմ՝ եթե դու գոլ չես խփում, ապա չես կարող հաղթել։ Վերջ»,- ավելացրել է սլովակների մարզիչը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ չնայած В խմբի փոփոխված դասավորությանը, իր սաները մինչև վերջ պայքարելու են։

«Մեր խմբում մի քանի ֆավորիտներ կան։ Այժմ Եվրոպայի առաջնություն մտնելու Իռլանդիայի հնարավորություններն ավելացել են, սակայն մենք ցանկացած դեպքում մինչև վերջ պայքարելու ենք»,- նշել է Վայսը։ 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները։

Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են։

Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։

Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։

Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնցիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին  Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ --0--