Մխիթարյանը կմեկնի Անգլիա Գերմանիայի գավաթի եզրափակչից հետո

19.05.2016, 16:12
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ շարունակել ակումբի հետ իր պայմանագիրը:
Մխիթարյանը կմեկնի Անգլիա Գերմանիայի գավաթի եզրափակչից հետո
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ շարունակել ակումբի հետ իր պայմանագիրը, որն ավարտվելու է 2017 թ.-ի ամռանը: Ինչպես հայտնի է դարձել Սպորտֆակտին` իրավիճակին ծանոթ աղբյուրից, Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորություններ ամենից շատ ունի «Արսենալը»:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլյան լավագույն ֆուտբոլիստ>>

Լոնդոնյան ակումբն արդեն բանակցություններ է վարել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ` Արսեն Վենգերի թիմում 27-ամյա կիսապաշտպանի հնարավոր ընդգրկման վերաբերյալ: Այժմ բանակացություններն ընթանում են երկու թիմերի միջև: Հատկանշական է, որ «Արսենալի» սկաուտները դեռևս երեք տարի առաջ խորհուրդ էին տալիս Վենգերին ուշադրություն դարձնել Մխիթարյանին, սակայն ֆրանսիացին թերահավատորեն է մոտեցել ընտրող ծառայության կարծիքին:

DW. Մխիթարյանը՝ Գերմանիայի 2015/16թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ>>

Բացի այդ, հայտնի է, որ Մխիթարյանը մանկությունից համակրում է Արսենալին և հիանում Վենգերի աշխատանքով: Այս խաղաշրջանում «Արսենալի» մարզիչն անձամբ սկսեց հետևել Մխիթարյանի խաղին, ապա հայտնեց ակումբի ղեկավարությանը կիսապաշտպանին ձեռք բերելու անհրաժեշտության մասին: Սպորտֆակտի տվյալներով, Մխիթարյանին ցանկանում են ձեռք բերել նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:

Աղբյուրը հաստատել է, որ Մխիթարյանի ներկայացուցիչներն արդեն տուն են գտել նրա համար Լոնդոնում: Ակնկալվում է, որ ֆուտբոլիստի տեղափոխումը, ով անպայման ցանկանում է խաղալ պրեմիեր լիգայում, տեղի կունենա մինչ Եվրոպայի առաջնությունը: Բացի այդ, կիսապաշտպանն առաջարկ ունի «Յուվենտուսի» կողմից, սակայն «Արսենալի» տարբերակն ավելի նախընտրելի է: -0-