Վարդան Մինասյանը` ՀՖՖ տեխնիկական տնօրեն

28.02.2017, 16:30
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում:
Վարդան Մինասյանը` ՀՖՖ տեխնիկական տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով բելգիացի Մարկ Լելևրի հեռանալուց հետո կատարում էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Վարդան Մինասյանն իրականացնելու է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզչական կրթության համակարգումը և տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:

Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը, ում կօգնի Տիգրան Պետրոսյանցը:

Այս մարզիչները կշարունակեն աշխատել այս հավաքականի հետ նաև հաջորդ շրջափուլում, երբ թիմը կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017-2018 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի մոտ օրերս: –0–