«Մոնակոն» դիմել է ՈւԵՖԱ-ին` խնդրելով «Բորուսիայի» հետ խաղը տեղափոխել ապրիլի 15–ին
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Մոնակոյի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին և խնդրել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը տեղափոխել շաբաթ՝ ապրիլի 15-ին:
Այս մասին հայտնում է armsport–ը` հղում անելով «L'Equipe»-ին:
Երեկ՝ խաղից առաջ, դորտմունդյան թիմի ավտոբուսի մոտ պայթյուն էր որոտացել: Այդ իսկ պատճառով հանդիպումը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը: «Մոնակոյում» կարծում են, որ միջադեպի հենց հաջորդ օրը խաղալն այնքան էլ ճիշտ չի լինի.
«Հավանաբար, լավագույն որոշումը չէ խաղալ միջադեպի հենց հաջորդ օրը»,- ասել է ֆրանսիական ակումբի հանրային կապերի բաժնի ղեկավար Բրունո Սկրոպետան:
Նա էլ հենց նամակ է ուղարկել ՈւԵՖԱ-ին՝ խաղը ապրիլի 15–ին տեղափոխելու խնդրանքով: «Մոնակոն» շուտով կստանա պատասխանը:
Նախօրեին երեկոյան Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտակայքում երեք պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով ձեռքի կոտրվածք է ստացել իսպանացի պաշտան Մարկ Բարտրան, իսկ ոստիկանության սպան ակուստիկ վնասվածք է ստացել: Պայթյունի վայրում գրառում է հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ այն գրել են չարագործները։ Նշվում է, որ գրառման մեջ պայթյունի համար 0պատասխանատվություն ստանձնողների խոստովանությունն է: –0–

