Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» անխնա հարձակողական մեքենայի վճռորոշ օղակն է. բրիտանական «Squawka»
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Եթե կա ֆուտբոլիստ, ով խորհրդանշում է դորտմունդցիների անհաջողությունը նախորդ մրցաշրջանում և հաջողությունը՝ ներկայիս, ապա դա անկասկած Հայաստանի հավաքականի ավագն է, այսպես է բնութագրում բրիտանական «Squawka» պորտալը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է armsport.am–ը։
Կայքը ծավալուն հոդված է նվիրել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ անդրադառնալով 27-ամյա ֆուտբոլիստի խաղային էվոլյուցիային գերմանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի օրոք:
«Պորտուի» դեմ խաղում գոլային փոխանցումը գրեթե անխուսափելի էր Մխիթարյանի համար, ով ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումն է կատարել Եվրոպայում: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 34 խաղում հայ ֆուտբոլիստն անմիջապես կապ է ունեցել 36 գոլերի հետ: Այնուամենայնիվ, մեկ տարի առաջ կիսապաշտպանը խորհրդանշում էր Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Բորուսիայի» բոլոր անհաջողությունները:
Հենրիխը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականին՝ 27.5 միլիոն եվրոյով: Նրա համար վճարված գումարը վկայում է այն դերի կարևորության մասին, որը նա պետք է ստանձներ թիմում, գրում է «Squawka»–ն։
Նրա չափազանց աշխատասիրությունը ու հիանալի տեխնիկան օգնում էին այս ընթացքում, սակայն ինչ-որ բան անընդհատ պակասում էր: Նա ամեն ինչ ճիշտ էր անում մինչեւ եզրափակիչ հարվածը կամ փոխանցումը: Մարդիկ Մխիթարյանի մեկնարկային մրցաշրջանը հիշում են ավելի շատ «Ռեալի» դեմ խաղում կատարած վրիպմամբ, քան 13 գոլով ու 10 գոլային փոխանցմամբ 46 հանդիպման ընթացքում:
Բունդեսլիգա, Մխիթարյանի գոլերը 2013-2014 մրցաշրջանում
2014-2015 մրցաշրջանը նրա համար ավելի բարդ դասավորվեց՝ հաշվի առնելով դորտմունդցիների անհաջողությունները: Սինձի Կագավայի վերադարձից հետո Հենրիխը տեղափոխվեց եզր, սակայն արդյունավետությունը չավելացավ: Յուրաքանչյուր շաբաթ, երբ նա աչքի չէր ընկնում, ավելի էր ճնշում նրան: Նույնիսկ այդ ժամանակ կիսապաշտպանն իսկապես հանդիսանում էր «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց նա աչքի չէր ընկնում եզրափակիչ գործողություններով՝ վիճակագրությունը բարելավելու համար: Այնուամենայնիվ, նա երբեք չի դադարել գնդակը փնտրելուց եւ միշտ հարմար պահի էր սպասում լավ անցում կատարելու համար, գրում է պորտալը։
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի առավելագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ>>
Վերջապես փետրվարին նա կարողացավ գրավել «Շալկեի»՝ «Բորուսիայի» ամենասկզբունքային մրցակցի դարպասը, ինչից հետո քիչ էր մնում արտասվեր: Դա կիսապաշտպանի առաջին գոլն էր՝ սկսած օգոստոսից: Շարունակելով նման ոգով՝ նա աստիճանաբար բարելավեց իր մարզավիճակը:
Այժմ, խաղալով Թոմաս Տուխելի գլխավորությամբ, Հենրիխ Մխիթարյանն իսկապես ցույց տվեց, թե որքան լավն է: Նա ստեղծված էր այսպիսի ֆուտբոլ խաղալու համար:
Մեծ ճնշում կար մրցաշրջանի սկզբում, սակայն նրան հաջողվեց փոխել իր դորտմունդյան կարիերայի ընթացքը: Գերմանացի մասնագետը հույս դրեց հայ ֆուտբոլիստի վրա, եւ նա չհիասթափեցրեց: Հնարավոր է նոր մարզչի վստահությունը կամ պարզապես նոր խաղային սխեման Հենրիխից այլ խաղացող դարձրին: Օգոստոսին Մխիթարյանը զբաղեցրել էր Մարկո Ռոյսի ձախ եզրը, իսկ վերջինս տեղափոխվել էր հակադիր անկյուն: Տուխելի խաղային համակարգի շնորհիվ Մխիթարյանը հնարավորություն է ստանում հեշտությամբ ներխուժել տուգանային հրապարակ՝ խուճապ առաջացնելով պաշտպանների մոտ: Քանի որ այդ սխեման նոր էր մրցակիցների համար Հենրիխը գերազանց կերպով օգտվեց դրանից: Եվրոպա լիգայի որակավորման փուլի չորս խաղերում նա խփեց 5 գոլ ու կատարեց չորս արդյունավետ փոխանցում:
Հոդվածի հեղինակների խոսքերով` Տուխելի գլխավորությամբ «Բորուսիայի» խաղն ավելի հանգիստ է և հաշվենկատ, քան նախորդ տարիներին. Մխիթարյանը հանդիսանում է անխնա հարձակողական մեքենայի վճռորոշ օղակը:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է ռեկորդային ցուցանիշի>>
«Պորտուի» դեմ խաղալով աջ եզրում՝ Հենրիխը ստեղծել է 4 պահ՝ ներառելով մեկ գոլային փոխանցում:
Ձախ եզրում հանդես գալու ընթացքում նա հաճախակի է փոխվում դիրքով Կագավայի հետ, ում հետ հիանալի համագործակցություն է նկատվում: Ստանալով գնդակը՝ նա կարողանում է կատարել անկյունագծային անցումներ, ինչի դեմ շատ բարդ է գործել պաշտպաններին: Դա հնարավոր է դառնում նաեւ իր տաղանդավոր թիմակիցների՝ Ռոյսի ու Օբամեյանգի վազքի շնորհիվ, ովքեր իրենց հետ են տանում պաշտպաններին:
Հարմարվելով նոր դերին ու գտնվելով հիանալի մարզավիճակում՝ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ Բունդեսլիգայի մեկնարկային տուրում՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ: Դրանից հետո նա աչքի չէր ընկնում հոկտեմբերի ընթացքում՝ մինչեւ «Բրեմենի» դեմ փայլատակելը: Նախկին սպասելիքները չեն ունեցել կործանարար ազդեցություն: Մխիթարյանը շարունակում է գոլեր խփել, փոխանցումներ կատարել կամ այլ կերպ օգնել թիմին յուրաքանչյուր շաբաթ: Ձմեռային դադարից հետո «Բորուսիան» շարունակում է պայքարել, իսկ Հենրիխը շարունակում է օգտակար լինել, գրում է «Squawka»–ն։
Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել է Բունդեսլիգայի 21–րդ տուրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>
Մյոնխենգլադբախում նա կրկին փայլեց՝ գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց, իսկ «Հանովերի» դեմ խաղում հաղթական գնդակ խփեց: Դա Գերմանիայի առաջնությունում «Բորուսիայի» առաջին գոլն էր տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածից, եւ, իհարկե, այն հեղինակել է ֆուտբոլիստ, ում համար, թվում է՝ անհրանիր ոչինչ չկա:
Ընթացիկ մրցաշրջանում, որում «Բորուսիան» ունի Եվրոպայի ամենահզոր հարձակման եռյակներից մեկը, Դորտմունդի ոչ մի ֆուտբոլիստ այդքան պահ չի ստեղծել, որքան Մխիթարյանը: Նա ոչ միայն թիմի անբաժան մասն է, այլեւ հանդիսանում է հաջողության գլխավոր պատճառը:
Եթե հայացք գցեք համացանցին, ապա կտեսնեք, թե ինչպես են «Բորուսիայի» երկրպագուները գրառումներ կատարում «#Miki2020» հեշտեգով՝ նրան խնդրելով երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2020 թվականը (խմբ՝ ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2017-ին):
Եթե կա ֆուտբոլիստ, ով խորհրդանշում է դորտմունդցիների անհաջողությունը նախորդ մրցաշրջանում և հաջողությունը՝ ներկայիս, ապա դա անկասկած Հայաստանի հավաքականի ավագն է:
Թոմաս Տուխելը նոր շունչ հաղորդեց «Բորուսիային», և ոչ մի խաղացող չզգաց դրա ազդեցությունն ավելի շատ, քան Եվրոպայի ամենաստեղծագործ ֆուտբոլիստը, գրում է «Squawka» պարբերականը:–0–