«Բորուսիան» ջախջախել է ադրբեջանական «Գաբալային», Մխիթարյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիան» հինգշաբթի Եվրոպայի Լիգայի խմբային փուլի շրջանակում սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել ադրբեջանական «Գաբալային»։
«Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է ֆանտաստիկ գոլի, ինչպես նաև գոլային փոխանցման հեղինակ։
Խաղի 26–րդ րոպեին հաշիվը բացել է «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, 45–րդ րոպեին Պիեր–Էմերիկ Օբամեյանգը խփել է երկրորդ գոլը։
Երկրորդ խաղակեսի 12–րդ րոպեին «Գաբալայի» ֆուտբոլիստ Սերգեյ Զենյովի ինքնագոլի արդյունքում հաշիվը դարձել է 3։0։ Հայ կիսապաշտպանը հանդիպման ավարտից քսան րոպե առաջ վերջակետ է դրել խաղում։
Մխիթարյանը, ելնելով անվտանգության նկատառումներից, հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 22–ին Բաքվում կայացած «Գաբալա»–«Բորուսիա» հանդիպմանը։ Դրանից առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում հայ կիսապաշտպանի հնարավոր ձերբակալության մասին Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, սակայն ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ–ն ակնարկել էր, որ չի խոչընդոտի Մխիթարյանի այցին։ Արտագնա խաղում գերմանական ակումբը հաղթեց 3։1 հաշվով։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:
1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

