Ոստիկանությունը Փարիզում ձերբակալել է մեքենաների վրա «հրեա» գրող տղամարդուն
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները Փարիզում ձերբակալել են մի տղամարդու, ով Փարիզի XVI շրջանում 20 ավտոմեքենայի վրա «հրեա» է գրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։
Խուլիգանին ձերբակալել են երկուշաբթի երեկոյան, երբ նա սպիտակ ներկով «հրեա» բառը գրել էր մի քանի մեքենաների վրա։
Երեքշաբթի առավոտվա տվյալներով` նա դեռևս ոստիկանության բաժանմունքում է, արարքի դրդապատճառները հայտնի չեն։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիան ցնցած մի շարք ահաբեկչություններից մեկ ամիս անց։ Հունվարի 7–ին երկու չարագործ ներխուժել էին Փարիզում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել ամսագրի աշխատակիցների ուղղությամբ։ Զոհվել էր 12 մարդ, հանցագործներին հաջողվել էր հեռանալ դեպքի վայրից։ Կասկածյալները` եղբայրներ Շարիֆ և Սայիդ Կուաշիները, ոչնչացվել էին հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած գրոհի ժամանակ։
Հունվարի 8–ին Փարիզի Մոնրուժ հարավային արվարձանում հանցագործը կրակ է բացել ոստիկանության աշխատակցի և ճանապարհային ծառայության գործակալի ուղղությամբ, ինչից հետո հեռացել է դեպքի վայրից։ Ոստիկանության աշխատակիցը մահացել է։ Հաշվի առնելով քաղաքում գրանցված միջադեպերը` Ֆրանսիայի իշխանություններն այդ ամենը ահաբեկչություն են որակել։
Հունվարի 9–ին նույն տղամարդը` Կալաշնիկով տեսակի երկու ավտոմատներով զինված, ներխուժել էր Փարիզի Վենսենյան դարպասներ շրջանում գտնվող փոքր սուպերմարկետը, կրակ բացել և պատանդներ վերցրել։ Հանցագործը 32–ամյա Ամեդի Կուլիբալին էր` Կուաշի եղբայրների ծանոթը։ Նա ևս սպանվել էր հատուկ ջոկատի գրոհի ժամանակ։ Հարձակման հետևանքով ահաբեկիչը սպանել էր չորս մարդու, նրանց հետագայում հուղարկավորեցին Իսրայելում։ Եվս 15 պատանդներ կարողացել էին փախչել։–0–

