Չինացիների ավելի քան 30 տոկոսն ափսոսում է ԽՍՀՄ փլուզման համար. հարցում

26.12.2011, 13:46
Չինացիների ավելի քան 30 տոկոսն ափսոսում է ԽՍՀՄ փլուզման համար. հարցում

ՉԺՀ-ում անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 30 տոկոսն ափսոսանք է հայտնում ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ, իսկ 80 տոկոսը կոչ է անում Չինաստանին դասեր քաղել այդ իրադարձությունից, երկուշաբթի գրում է չինական «Գլոբալ Թայմս» անգլալեզու թերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հարցումն անցկացվել է 15 տարեկանից բարձր անձանց շրջանում չինական սոցիոլոգիական ծառայության կողմից հեռախոսով ՉԺՀ-ի յոթ խոշոր քաղաքների բնակիչների շրջանում, այդ թվում՝ Պեկինում և Շանհայում: Հարցմանը մասնակցել է ավելի քան 8 հազար մարդ: 

ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը, ըստ հարցվածների 53 տոկոսի, տնտեսական սխալ քաղաքականությունն ու կոռուպցիան էր, 46 տոկոսի կարծիքով՝ երկրի սխալ կառավարումը:

Հարցվածների 80 տոկոսն իրենց հերթին նշել են, որ Չինաստանը պետք է դասեր քաղի Խորհրդային Միության անկումից, վարի ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը նպաստող տնտեսական քաղաքականություն: Հարցվածների վաթսունյոթ տոկոսն ասել է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պետք է ուժեղացնի կոռուպցիայի դեմ պայքարը:

Քսան տարի առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, Միխայիլ Գորբաչյովը հեռուստատեսային ուղերձում հայտարարեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: Նույն օրը երեկոյան Կրեմլում իջեցվեց ԽՍՀՄ պետական դրոշը և բարձրացվեց Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը: -0-