Նոր տարին վտանգավոր է լիմոնադների, փոշոտ խաղալիքների և հոտերի ալերգիայով. բժիշկ

21.12.2011, 13:58
Նոր տարին վտանգավոր է լիմոնադների, փոշոտ խաղալիքների և հոտերի ալերգիայով. բժիշկ
Նոր տարին վտանգավոր է լիմոնադների, փոշոտ խաղալիքների և հոտերի ալերգիայով. բժիշկ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր տարվա շրջանում ալերգիա կարող են առաջացնել ոչ միայն ցիտրուսայիններն և շոկոլադը, այլ նաև գազավորված խմիչքները, բուրավետ մոմերը և նույնիսկ արհեստական եղևնիները, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել ալերգոլոգ-իմունոլոգ, Ռուսաստանի ԴԲԲԳ №83 բժշկական հիվանդանոցի բժշկական մասով գլխավոր բժշկի տեղակալ Նատալյա Բոնդարենկոն:

Ըստ բժշկի՝ ամանորյա շրջանում սննդի ալերգիան ռուսների մոտ առավել հաճախ է հանդիպում, երբ սեղանին շատ շոկոլադ, ցիտրուսային, գազավորված խմիչքներ և ալկոհոլ է հայտնվում, իսկ սննդի օգտագործման ծավալներն ավելանում են: Միաժամանակ ոչ բոլոր սննդամթերքներն են լավ համադրվում միմյանց հետ:

Բոնդարենկոն հիշեցրել է, որ ալերգիա կարող է առաջացնել առաջին հերթին շոկոլադը, ձուն, տոմատը, ելակը, կակղամորթները, արքայախնձորը, ընկույզը և տարբեր համեմունքները, որոնցով այդքան հարուստ է ամանորյա սեղանը:

Բոնդարենկոն նշել է, որ ամանորյա շրջանում գրգռող նյութերի մեծ քանակը մարդու օրգանիզմ է մտնում վերին շնչառական ուղիներով: Համապատասխանաբար, այդ ժամանակ պետք է ուշադիր օգտագործել այն առարկաները, որոնք կայուն հոտեր ունեն:

«Նման գրգռման աղբյուրներ կարող են դառնալ բուրավետ մոմերը և փայտերը, կենցաղային քիմիան, որն օգտագործում են սինթետիկ եղևնիներին հոտ տալու համար, արհեստական ձյունը, խաղալիքները»,- ասել է նա:

Եթե մարդու մոտ քթի փակման, փռշտոցի, քթից առատ ջրային արտադրության կամ բրոնխյալ ասթմայի ժամանակ դժվարաշնչության տեքով սուր արձագանք է հայտնվել, առաջին կանոնը՝ այդ հոտի աղբյուրը վերացնելն է, ընդգծել է բժիշկը:

Բոնդարենկոն հիշեցրել է, որ ալերգիա կարող է առաջանալ նույնիսկ առողջ մարդու մոտ, ընդ որում մինչև նոպայի սկսվելը ոչ մի ախտանշաններ չեն հայտնվի: Կարևոր է ժամանակին օգնություն ցուցաբերել այն մարդուն, ում մոտ սննդի, հոտերի և այլ գրգռիչ երևույթների նկատմամբ ալերգիական ռեակցիա է սկսվել: «Եթե մարդը բրոնխյալ ասթմա ունի, անհրաժեշտ է այնպիսի միջոցներ օգտագործել, որոնք կհեշտացնեն շնչառությունը, առաջին հերթին՝ ինհալիատորներ: Ցանի և այտուցվելու դեպքում պետք է հակահիստամինային դեղամիջոցներ օգտագործել: Եթե ալերգիայի ախտանշանները չեն անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի»,- նշել է ալերգոլոգը: Նա նաև ավելացրել է, որ բժիշկներն աշխատելու են ողջ ամանորյա արձակուրդների ընթացքում: -0-