Երևանի քաղաքապետարանը համաքաղաքացիներին հրավիրում է երկրի գլխավոր տոնածառի հանդիսավոր բացմանը

19.12.2011, 19:24
Երևանի քաղաքապետարանը համաքաղաքացիներին հրավիրում է երկրի գլխավոր տոնածառի հանդիսավոր բացմանը
Երևանի քաղաքապետարանը համաքաղաքացիներին հրավիրում է երկրի գլխավոր տոնածառի հանդիսավոր բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր համաքաղաքացիներին դեկտեմբերի 20-ին հրավիրում է  Հանրապետության հրապարակ` մասնակցելու հանրապետության գլխավոր տոնածառի հանդիսավոր բացմանը, երկուշաբթի կայացած աշխատանքային խորհրդակցության արդյունքներն է ներկայացնում քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Ուղիղ ժամը 20.00-ին կվառվեն կենտրոնական տոնածառի լույսերը, որով կազդարարվի նաև մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Արթուր Գևորգյանը, կենտրոնական տոնածառի լույսերը վառելուց բացի, դեկտեմբերի 20-ին տոնական լուսավորությունը կզարդարի ողջ քաղաքը:
«Միջոցառումների մեծ մասը մենք գաղտնի ենք պահում, որպեսզի տոնական օրերին բազմաթիվ անակնկալներ մատուցենք մեր համաքաղաքացիներին»,- նշեց Գևորգյանը:

Բացի այդ, ամանորյա տոների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է քաղաքապետարանի ենթակայության առանձին ստորաբաժանումներին աշխատել ոչ թե հերթապահության, այլ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով:

«Տոնական օրերին վարչական շրջանների և սանմաքրման ձեռնարկությունների պատասխանատուները պետք է աշխատեն շուրջօրյա գրաֆիկով: Պետք է բացառենք աղբի կուտակման դեպքերն ու հնարավոր տեղումների ժամանակ օպերատիվ կազմակերպենք սանմաքրման աշխատանքներն ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցներում և բակային տարածքներում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հատուկ շեշտել է, որ տոնական օրերին պետք է ապահովել  հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը և պատշաճ մակարդակով կազմակերպել ուղևորափոխադրումները: -0-