Հայոց ցեղասպանության մասին կրթական կայք է գործարկվել Ավստրալիայում

09.12.2011, 14:20
Հայոց ցեղասպանության մասին կրթական կայք է գործարկվել Ավստրալիայում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավստրալիայի հայկական պատմական միությունը Հայոց ցեղասպանության մասին կրթական կայք է գործարկել, հաղորդում է «Armenia Online» ավստրալական կայքը:

«Վերջին տարիներին Նոր Հարավային Ուելսի բոլոր ուսանողները, ովքեր ուսումնասիրում են Հայոց ցեղասպանությունը որպես պատմության ծրագրի մի մաս, գալիս էին մեր գրասենյակ՝ լրացուցիչ ուսումնական նյութեր ստանալու համար: Այս ամենը մեզ հանգեցրեց այն մտքի, որ ցեղասպանության մասին ուսուցումը Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց հետնորդների կարևորագույն պատասխանատվությունն է», - ասել է Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի գլխավոր տնօրեն Վարանտ Մեհերդիչյանը կազմակերպության ամենամյա ճաշկերույթի ժամանակ:

Ըստ տեղեկատվության՝ այս կայքի նպատակն է աջակցել պատմության դասախոսներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող ուսանողներին այս ողբերգական պատմական իրադարձության, Ավստրալիայի վրա այդ ողբերգության ազդեցության և այսօրվա հետևանքների մասին տեղեկատվություն տրամադրելու միջոցով:

Կայքում կարելի է տեղեկատվություն գտնել հույների, ասորիների ցեղասպանությունների մասին, ականատեսների վկայություններ: Տեղեկատվությունը համալրվում է տեսանյութերով, լուսանկարներով, քարտեզներով, գրականության ցանկերով և ուսանողների համար նախատեսված առաջադրանքներով:

Ավստրալիայի հայկական պատմական միությունը հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2008 թ.-ին: Նրա նպատակն է ուսումնասիրել Հայաստանի և Ավստրալիայի ժողովուրդների պատմությունը, ինչպես նաև ծանոթացնել Ավստրալիայի հասարակությանը հայկական պատմության առավել կարևոր դրվագների հետ:-0-