Հայաստանը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը կնշի «Հասնել զրոյի» նշանաբանի ներքո

29.11.2011, 18:14
Հայաստանը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը կնշի «Հասնել զրոյի» նշանաբանի ներքո

Դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը Հայաստանում կնշվի «Հասնել զրոյի» նշանաբանի ներքո, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:

«Նշանաբանը ենթադրում է հասնել զրոյական ցուցանիշի մի քանի տեսանկյունից՝ ՁԻԱՀ-ի զրո գրանցված նոր դեպք, զրո մահացու դեպք և վարակակիրների խտռականության զրո դեպք», - նշեց նա:

Հարությունյանը հայտնեց, որ մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնած միջոցառումների շրջանակներում նախատեսվում է երթ կազմակերպել Երևանի կենտրոնում, ցուցահանդեսներ, տեղեկատվական սեմինարներ՝ բուհերում:

«Երթի մասնակիցները կանցնեն քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվություն պարունակող պաստառներով և թռուցիկներով», - ասաց նա: Նրա խոսքերով՝ նախատեսված է նաև մրցանակների հանձնման արարողություն մի շարք հասարակաքաղաքական գործիչներին և կազմակերպություններին՝ ՁԻԱՀ-ի տարածման կանխման և մարդու իրավունքների պաշտպանության գործում կատարած ներդրման համար: Հայաստանի տասը բուհերում կկազմակերպվեն տեղեկատվական սեմինարներ, կցուցադրվեն ֆիլմեր:

2011 թ.-ի հոկտեմբերի 31-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 1 127 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 70,7 տոկոսը տղամարդիկ են:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի ողջ աշխարհում՝ սկսած 1988թ. դեկտեմբերի 1-ից և նպատակ ունի լայն հասարակայնության ուշադրությունը բևեռել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին, միավորել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում աշխատող բոլոր կազմակերպությունների ջանքերը, ներգրավել նոր կազմակերպություններ, խմբեր և անհատ անձանց՝ կանխարգելիչ գործունեության մեջ։
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա անցկացման գաղափարն առաջին անգամ առաջարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպութւյան կողմից, գաղափարին աջակցել է աշխարհի 140 երկիր: -0-