Հնարավոր է, որ մայիսի 16-ը Հայաստանում Երիտասարդության ազգային օր հայտարարվի

10.11.2011, 14:57
Հնարավոր է, որ մայիսի 16-ը Հայաստանում Երիտասարդության ազգային օր հայտարարվի

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը մտադիր է հանդես գալ նախաձեռնությամբ՝ մայիսի 16-ը  հայտարարել Երիտասարդության ազգային օր, հայտնեց փոխնախարար Արսեն Քարամյանը:

«Ես կցանկանայի, որ Հայ երիտասարդության օրը կապված լինի գիտելիքի հետ: Մասնավորապես մենք մեր Նախարարության անունից կառաջարկենք մայիսի 16-ը, քանի որ հատկապես այդ օրը՝ 1919թ.-ին առաջին ՀՀ կառավարությունը գտնվելով դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, ուժ գտավ հիմնադրել Երևանի պետական համալսարանը»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Քարամյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ծրագրվող Երիտասարդության օրվա հաստատման կապակցությամբ նախարարությունն արդեն մի շարք առաջարկներ է ստացել պատգամավորներից և մի շարք հասարակական կազմակերպություններից: Քարամյանն ավելացրեց, որ առաջիկայում սպորտի նախարարությունը մտադիր է այդ հարցի կապակցությամբ հասարակական լսումներ կազմակերպել:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված Երիտասարդության համաշխարհային օրն ավանդաբար տոնվում է օգոստոսի 12-ին: -0-