Ատենակալները Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկին մեղավոր են ճանաչել «փոփ երաժշտության արքայի» մահվան մեջ

08.11.2011, 11:02
Ատենակալները Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկին մեղավոր են ճանաչել «փոփ երաժշտության արքայի» մահվան մեջ
Ատենակալները Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկին մեղավոր են ճանաչել «փոփ երաժշտության արքայի» մահվան մեջ

Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեի գործը քննող ատենակալները բժիշկին մեղավոր են ճանաչել երգչին ոչ դիտավորությամբ սպանելու մեջ, երեքշաբթի հայտնում է Ռոյթերս գործակալությունը:

«Փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ կյանքի 51-րդ տարում Լոս Անջելեսում: Քննության վարկածով, Մյորեյը նրան պրոպոֆոլ դեղամիջոցի չափազանց մեծ չափաբաժին է տվել, որն այլ դեղամիջոցների, այդ թվում՝ հանգստացնող դեղերի հետ փոխազդեցության հետևանքով երգչի մահվան պատճառ է դարձել:

Բժիշկի պաշտպանը պնդում էր, որ երգիչը հանգստացնող և ցավազրկող դեղամիջոցներից կախում է ունեցել, և ինքն է պրոպոֆոլի մահացու չափաբաժին ընդունել:

Ատենակալները սկսել են վճռի կայացման նիստն ուրբաթ՝ նոյեմբերի 4-ին, երբ մեղադրանքի և պաշտպանության կողմերը հանդես են եկել իրենց եզրափակիչ խոսքերով Մյուրեի՝ արդեն վեց շաբաթ տևող լսումներում: Այդ օրը նրանց չի հաջողվել համաձայնեցնել որոշումը, և յոթ տղամարդկանցից ու հինգ կանանցից բաղկացած ատենակալների նիստը տեղափոխվել է երկուշաբթի: Մեղադրական որոշումը նրանք միաձայն են ընդունել:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ վճռի հրապարակման ժամանակ դատարանում ներկա են եղել Մայքլ Ջեքսոնի հարազատները, այդ թվում՝ նրա ավագ քույր Լա Թոյան և մայրը՝ Քեթրինը: Ատենակալների կազմած փաստաթղթի ընթերցման ժամանակ Լա Թոյան անձայն լալիս էր:
«Մայքլը նայում էր մեզ»,- ասել է նա՝ լքելով դատարանի դահլիճը:

Քեթրին Ջեքսոնը հայտարարել է, որ ինքը կասկած չուներ դատավարության մեղադրական եզրակացության վերաբերյալ:
Դատարանի շենքի շուրջ երկուշաբթի հավաքվել էին Ջեքսոնի հարյուրավոր երկրպագուներ, ովքեր, տեղեկանալով ատենակալների որոշումը, սկսել են վանկարկել՝ «Շնորհակալություն, դատավոր»:

Ինքը Մյուրեյը վճռի ընթերցման պահին նստած է եղել անհողդողդ դեմքով: Որոշման հրապարակումից անմիջապես հետո գործը քննող դատավոր Մայքլ Պաստորը հրահանգել է ձերբակալել բժիշկին առանց գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորության: Մյուրեյը ձերբակալված կմնա առնվազն մինչև նոյեմբերի 29-ը, երբ դատարանը կկայացնի նրա դատավճիռը:

Պաստորը հայտնել է, որ Մյուրեի «անպատասխանատու վարքը» վտանգ է ներկայացնում հասարակական անվտանգության համար, և նրա ձերբակալությունը «նպատակահարմար է»:

Ինչպես եզչափակիչ խոսքում ասել է դատախազ Դևիդ Ուոլգրենը, Մայքլ Ջեքսոնը «սեփական կյանքով է վճարել» իր բժիշկի հանցավոր անփութության համար, ում մեղքով, բացի մնացածից, առանց հայր են մնացել երեք երեխաներ: Մյուրեյը, մեղադրանքի կարծիքով, խախտել է վստահելի հարաբերություններն իր հիվանդի հետ, ինչը նրան մահվան է հանգեցրել: Դատախազն ասել է նաև, որ Մյուրեյը խախտում էր Հիպոկրատի երդումը և իրավաբանական պարտավորությունները՝ Ջեքսոնին որպես քնաբեր միջոց պրոպոֆոլ տալով:
Մյուրեի դատապաշտպան Էդ Չերնոֆն իր հերթին ատենակալներին ներկայացվող իր խոսքում ասել է, թե իր պաշտպանյալի մեղավորության ապացույցներ չկան, և փորձել է մահվան համար մեղքը դնել հենց երգչի վրա:

Ավելի վաղ ինքը Մյուրեյը, ով չի բացառում, որ պրոպոֆոլի ոչ մեծ չափաբաժիններ է տվել Ջեքսոնին, հայտարարել էր այն մասին, որ իրեն մեղավոր չի ճանաչում ոչ դիտավորությամբ սպանության մեջ:

Իրավաբանների ելույթից հետո դատավոր Մայքլ Պաստորը դիմել է ատենակալներին և ասել, որ նրանք կարող են ամբստանյալին մեղավոր ճանաչել, նույնիսկ եթե կհամարեն, որ Ջեքսոնն ինքն է մեղավոր իր մահվան մեջ, բայց բժիշկը ոչինչ չի ձեռնարկել այդ ողբերգությունը կանխելու համար: Պաստորն ասել է նաև, որ ատենակալները կարող են Մյուրեին անմեղ ճանաչել, եթե կհամարեն, որ նրա գործողությունները հայտնի երգչի մահվան օրը ոչ դիտավորյալ են եղել:

Մյուրեին Ջեքսոնի մահվան մեջ մեղավոր ճանաչելուց հետո բժիշկը կարող է դատապարտվել չորս տարի ազատազրկման և զրկվել բժշկական գործունեության արտոնագրից: -0-