Երևանը հանդիսավորությամբ կնշի Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը

07.11.2011, 17:25
Երևանը հանդիսավորությամբ կնշի Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը
Երևանը հանդիսավորությամբ կնշի Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը

Նորվեգացի մարդասեր, հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյա հոբելյանը հանդիսավոր կերպով կնշեն նոյեմբերի 9-ին Երևանում, հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Նոյեմբերի 9-ին Հայաստան կայցելի Նորվեգիայի ԱԳՆ ղեկավարը, և նրա Երևան կայանալիք այցի շրջանակներում Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում կբացվի Նանսենի հուշարձանը, այնուհետև երեկոյան տեղի կունենա հանդիսավոր համերգ, որին կնախորդի հայտնի միսիոներին նվիրված լուսանկարների և գրքերի ցուցահանդեսը»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Նանսենին նվիրված հոբելյանական միջոցառումներն այս տարի անցել են ողջ հանրապետությունում՝ գրադարաններում և դպրոցներում շարադրությունների մրցույթներ և երեկոներ են անցկացվել:

Պողոսյանը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը նաև աջակցել է «Նանսենը և Հայաստանը» գրքի հրապարակմանը, որի հեղինակն է Հայաստանում «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Բախչինյանը, ինչպես նաև՝ «Նանսենը՝ համաշխարհային խիղճ» վավերագրական ֆիլմի հազարավոր կրկնօրինակների տարածմանը:

Բախչինյանն իր հերթին բարձր է գնահատել հայ ժողովրդի մեծ բարեկամի ներդրումը՝ նշելով, որ Հայաստանի շատ հաստատություններ՝ դպրոցներ, թանգարաններ, հիվանդանոցներ, պուրակներ, իր անունն են կրում, Երևանում Նանսենի անվան փողոց կա:
Նա հիշեցրեց, որ մի քանի տարի հայ ձեռնարկատեր Արմեն Մարգարյանի աջակցությամբ, Մոսկվայում տեղադրվել է Նանսենի հուշարձանը, որը ստեղծվել է քանդակագործ Գարեգին Դավթյանի կողմից:

Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի հետախույզ է, գիտնական, դիվանագետ և մեծ  հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով, պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել  է Սովետական Հայաստանում:

Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող Ստոր Ֆռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ, նկարիչ:
Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանում: Առաջին Համշխարհային պատերազմից հետո Նանսենն ընդգրկվել է Ազգերի Լիգայում: Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին և ստեղծել է Նանսենի անձնագիր: 1938թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Նորվեգիայում: Նանսենը մահացել է 1930 թվականին Նորվեգիայում:--0-