Դեղագործության մրցունակության միջազգային համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 9-ին

31.10.2011, 19:56
Դեղագործության մրցունակության միջազգային համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 9-ին
Դեղագործության մրցունակության միջազգային համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 9-ին

Դեղագործության մրցունակության միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում՝ նոյեմբերի 9-10-ը, հաղորդում է միջոցառման համակազմակերպիչ, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության մամուլի ծառայությունը:

Մամուլի հաղորդագրության համաձայն, Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությանը նվիրված համաժողովը բաղկացած է 2 նիստից՝ «Անկախ Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում» և «Միջազգային լավագույն ձեռքբերումները դեղագործության ոլորտում», ինչպես նաև մասնագիտացված ցուցահանդես:

Առաջին նիստի ընթացքում կներկայացվի հայրենական դեղարտադրության ողջ ներուժը, առանձնահատկություններն ու առավելությունները, այն ամենը, ինչի շնորհիվ հայկական դեղարդյունաբերությունն առանձնանում է ողջ տարածաշրջանում: Համաժողովի 2-րդ մասում օտարերկրյա միջազգային դեղագործական ընկերությունների' արտերկրից ժամանած ներկայացուցիչները ներկայացնելու են իրենց «լավագույն փորձը», դեղարարության այն չափանիշներն ու որակները, որոնցով առաջնորդվում են աշխարհի առաջատար դեղարտադրողները:
Համաժողովին մասնակցելու են ավելի քան 400 բժիշկներ, դեղագետներ, գիտնականներ, փորձագետներ ողջ հանրապետությունից: Մասնակցություն եւ ելույթներ են ունենալու ՀՀ պետական մարմինների՝ դեղագործության ոլորտը կարգավորող ու վերահսկող օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ: Պատվիրակություններ են ներկայանալու եվրոպական մի շարք երկրներից, հյուրեր եւ խոսնակներ են հրավիրված ԱՊՀ երկրներից:

Միջոցառման մասնակիցների համար նախատեսված են էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր, հայրենական դեղարդյունաբերության խոշոր ընկերություններ՝ «Լիկվոր» եւ «Արփիմեդ» ընկերությունների գործարաններ, տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ «Դարմանթեստ Լաբորատորիս» լաբորատորիա:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը, հանրապետության էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները: -0-