«Արևորդի» բնապահպանական փառատոնը մեկնարկել է կենդանիների դիմակահանդես-շքերթով

14.10.2011, 20:01
«Արևորդի» բնապահպանական փառատոնը մեկնարկել է կենդանիների դիմակահանդես-շքերթով
«Արևորդի» բնապահպանական փառատոնը մեկնարկել է կենդանիների դիմակահանդես-շքերթով

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը հինգշաբթի Երևանում մեկնարկել է կենդանիների դիմակահանդես-շքերթով, որին մասնակցել է շուրջ 500 հոգի: Նրանց հագուստները կարվել են կենցաղային թափոնից:

«Մեր դիմակահանդես-շքերթի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել կենդանիների, հատկապես, Կարմիր գրքում գրանցված կենդանիների սպանությունների անընդունելիության վրա, ինչպես նաև շրջակա միջավայրն աղբով չաղտոտելու վրա, քանի որ թափոնները կարող են վերամշակվել և օգտագործվել երկրորդ անգամ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արևորդի» կազմակերպության անդամ, փառատոնի համակարզմակերպիչ Աննա Պետրոսյանը:

Նա նշեց, որ միջոցառման մասնակիցների թվում են ոչ միայն տեղաբնակները, այլ նաև հատուկ այս առիթով մեզ մոտ ժամանած օտարերկրացի հյուրեր:

Երթին մասնակցեցին Երևանի մի շարք դպրոցների աշակերտներ՝ իրենց ուսուցիչների և տնօրենների հետ:
«Ուրախ եմ, որ մեր դպրոցներն այսօր մասնակցում են փառատոնի բացմանը: Կարծում եմ, որ այսպիսով մենք կկարողանանք երիտասարդ սերնդին բնության նկատմամբ սեր ու նրա պահպանման կուլտուրա պատվաստել, չէ որ, բնությունը մենք ենք»,- նշեց Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը:

«Արևորդի» միջազգային բնապահպանական երրորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 14-18-ը: Փառատոնը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ: Այս տարի այն անց է կացվում «Քո հետքը բնության մեջ» խորագրի ներքո և նվիրված է վայրի բնության պաշտպանությանը
Փառատոնի շրջանակներում նախատեսված է աշխարհի 30 երկրներից 70 լավագույն վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը: Ֆիլմերը հնարավոր կլինի դիտել 11 հայկական կինոդահլիճներում, մուտքը հիմնականում ազատ կլինի:

Կանցկացվեն նաև վայրի ֆլորայի և ֆաունայի լուսանկարների երեք ցուցահանդեսներ, ընդ որում՝ մրցույթի արդյունքում ընտրված լավագույն լուսանկարների հեղինակնրը հատուկ պարգևներ կստանան:
Որպես պատվավոր հյուր Երևան է հրավիրվել ֆրանսիացի հայտնի վավերագրող Պատրիք Ռուսելը, ում «Green» ֆիլմը կբացի փառատոնի ծրագիրը: 48 րոպեանոց համր ֆիլմը հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում է՝ Wildscreen խոշոր էկոլոգիական փառատոնի «Ոսկե պանդան»:
Փառատոնն անցկացվում է ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ: -0-