ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2011, 13:21
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահը Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին, ուսանողներին և դասախոսներին:

«Գիտելիքը մեր ժողովրդի և ողջ մարդկության դարավոր փորձառությունն է, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է փոխանցել հաջորդներին: Պարտավոր է փոխանցել անխաթար, հնարավորինս ամբողջական և հարստացրած: Ազգերը պահպանում են իրենց ազգային նկարագիրը, և մարդկությունը պահպանում է իր մարդկային նկարագիրը առաջին հերթին բնական և հոգևոր գիտելիքների փոխանցմամբ: Սա մեր արժեքային համակարգի հարատևության, ինչպես նաև ապագայի և հզորության գրավականն է, քանզի գիտելիքն իսկապես ուժ է»,,- ասվում է նախագահի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
  
Նախագահն իր ուղերձում նշել է ուսուցման և ուսումնառության գործընթացների բարդ ու դժվարին լինելը և կոչ է արել թոթափել ամառային արձակուրդների անհոգությունն ու թեթևությունը և տրամադրվել ծանր աշխատանքի: 

«Այսօր սեպտեմբերի 1-ն է, և լայնորեն բացվում են մեր ուսումնական հաստատությունների դռները: Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար: Այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արգասաբեր ուսումնական տարի»,- նշել է նախագահն իր ուղերձում:--0-