Հարցերը սեղանի շուրջ լուծելու ավանդույթը զանգվածային ճարպակալման է հանգեցրել. բժիշկ

16.08.2011, 16:27
Հարցերը սեղանի շուրջ  լուծելու ավանդույթը զանգվածային ճարպակալման է հանգեցրել. բժիշկ
Հարցերը սեղանի շուրջ  լուծելու ավանդույթը զանգվածային ճարպակալման է հանգեցրել. բժիշկ

Բոլոր հարցերն ու խնդիրները յուղոտ ճաշատեսակներով լի սեղանի շուրջ լուծելու հայկական ավանդույթը հանգեցրել է նրան, որ բնակչության մեծ մասը ճարպակալությամբ է տառապում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Երևան» բժշկական կենտրոնի բուժական մասով փոխտնօրեն, բժիշկ էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:

«Այսօրվա դրությամբ այդ երևույթը բավական լուրջ խնդիրներ է առաջացրել, ես չեմ բացառում խնջույքները մարդկանց կյանքում, բայց  կարելի է ճաշի շուրջ զրույցները փոխարինել մարզական ակումբների հանդիպումների, զբոսանքի և արշավների հետ»,- ասաց Բաղրամյանը:
Ըստ նրա, ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդ անձը ճարպակալմամբ է տառապում, և Հայաստանը բացառություն չէ:

«Բժշկական տեսանկյունից ճարպակալումն օրգանիզմում հավելյալ ճարպի առկայություն է, և բացառապես արտաքին ցուցանիշների վրա հիմնվելով նման կանխատեսում տալ հնարավոր չէ, դրա համար հատուկ հաշվարկներ են կատարվում, որոնք հաստատում են մարդու օրգանիզմում այդ երևույթի առկայությունը կամ բացակայությունը»,- ասաց բժիշկը:

Ըստ նրա, մեծահասակների և երեխաների համար հաշվարկները տարբեր սկզբունքներով են անցկացվում, ճարպակալման դեմ պայքարելն անհրաժեշտ է նաև հատուկ մեթոդներով՝ կախված մարդու տարիքից և ակտիվությունից:

«Հետևելով ընդամենը ճիշտ սննդակարգի մի քանի հիմնական սկզբունքներին՝ մարդիկ կարող են խուսափել ճարպակալումից և սրտանոթային համակարգի հիվանդություններից, երակների լայնացումից, ինչպես նաև շաքարախտից և ողնաշարի հետ կապված խնդիրներից»,- նշեց նա:

Բժշկի խորհրդով, անհրաժեշտ է սնվել յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, անհրաժեշտ է տրամադրվել սննդի ընդունմանը և դա չանել ինչ-որ այլ զբաղմունքների ընթացքում, ինչպես նաև անհրաժեշտ է հետևել օրվա ընթացքում ծախսած և ընդունած կալորիաների միջև հավասարակշռությունը:

Հոգեբան Մարիաննա Ավետիսյանն իր հերթին ավելացրեց, որ անհրաժեշտ է, որպեսզի սնունդը միատեսակ չլինի և մատուցվի մուգ գույնի ափսեով, մասնավորապես՝ մուգ կապույտ:

Հոգեբանն անդրադարձավ փոքր և անչափահաս տարիքում ճարպակալելու խնդրին: «Երեխաներն այնպիսի տարիքային շրջան ունեն, երբ նրանք առանձնապես զգացմունքային են դառնում, և այդ շրջանում երեխաները փորձում են իրենց հոգեբանական լարվածությունն ուտելիքով փոխհատուցել»,- պարզաբանեց հոգեբանը:
Ըստ նրա, երեխաներին օգնել ցանկացող ծնողները պետք է նրանց հետ հետևեն այդ սահմանափակումներին, ոչ մի դեպքում չի կարելի վիրավորել երեխային նրա արտաքին տեսքի համար:

Ավետիսյանը նշեց, որ Հայաստանում մարդիկ հոգեբանի ծառայություններին են դիմում այն ժամանակ, երբ ճարպակալումը հագեցնում է տարբեր հիվանդությունների ձևավորման, և այդ փուլում միայն քաշի նվազումը չի կարող վերականգնել առողջությունը:

«Մասնագետներին պետք է դիմել այն ժամանակ, երբ ավելորդ քաշը սկսում է ֆիզիկական կամ հոգեբանական դժգոհություններ և անհանգստություններ առաջացնել»,- ասաց բժիշկ էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: -0-