Ծնելիության նվազումը կապված է բնակչության արտագաղթի աճի հետ. ժողովրդագիր

25.07.2011, 17:03
Ծնելիության նվազումը կապված է բնակչության արտագաղթի աճի հետ. ժողովրդագիր
Ծնելիության նվազումը կապված է բնակչության արտագաղթի աճի հետ. ժողովրդագիր

Ծնելիության մեկ քառորդով նվազումը Հայաստանում պայմանավորված է սոցիալ-տնտեսական տարբեր գործոններով, բայց 25-30 տոկոսով այն կապված է վերջին տարիներին արտագաղթողների թվի աճի հետ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

«Աշխատանք գտնելու ակնկալիքով մեր երկրի սահմաններն են հիմնականում լքում երիտասարդ տղամարդիկ, ինչը անհավասարակշռություն է առաջացնում երկրի տղամարդկանց և կանանց թվի հարաբերակցության մեջ, և դրա արդյունքում մենք ծնելիության կրճատում ենք տեսնում Հայաստանում»,- ասաց Եգանյանը:

Ըստ նրա, Հայաստանից քաղաքացիների մեկնելու հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է, ցածր աշխատավարձը, աշխատանքի անբարենպաստ պայմանները և մի շարք սոցիալ-տնտեսական գործոններ, որոնց արդյունքում բնակչությունն իր ապագան չի կապում հայրենիքի հետ:

Ինչպես նշեց ժողովրդագիրը, սկսած 90-ականներից քաղաքացիների արտահոսք է նկատվում Հայաստանից, և բոլոր մեկնողները հիմնականում նպատակ չեն ունեցել ընդմիշտ լքելու երկիրը, հիմնական մասը վերադարձի հույս է ունեցել, բայց երկրի պայմաններն այդ ժամանակաշրջանում չեն նպաստել դրան:

Եգանյանը միաժամանակ հայտնեց, որ 2002-ից 2007 թվականներին մոտ 250 հազար մարդ ընդմիշտ լքել է Հայաստանը:

Ժողովրդագիրը նշեց միգրացիայի բացասական սալդոյի աճի միտումը: «2008 թվականին երկիրը լքել է 22-23 հազար մարդով ավելի, քան ժամանել է, 2009-ին՝ 25 հազար մարդով, իսկ 2010 թվականին՝ մոտ 30 հազար մարդով ավելի»,- ասաց նա:

Եգանյանը նշեց, որ միգրացիայի բացասական գործոններից բացի գոյություն ունեն նաև դրական տարրեր: «Հաճախ, որոշակի կապիտալ կուտակելով, միգրանտները հետ են վերադառնում և շարունակում իրենց բիզնեսն արդեն Հայաստանում, բացի այդ, աշխատելով արտերկրում, Հայաստանի քաղաքացիները ֆինանսավորում են իրենց երեխաների կրթությունն ու ապրելը հայրենիքում»,- ասաց նա:

Փորձագետը հայտնեց, որ միգրացիայի մակարդակի հաշվարկման ժամանակ օգտագործվում են տեղեկության չորս աղբյուրներ՝ մարդահամարը, որի ընթացքում հստակեցվում է մարդու ծննդյան վայրը և նրա քաղաքացիությունը, գրանցումը և փաստացի բնակության վայրը, միգրացիոն ծառայությունների ընթացիկ տվյալները և սահմանային ծառայությունների ցուցանիշները Հայաստանի մեկնած և ժամանած քաղաքացիների թվի վերաբերյալ, ինչպես նաև տարբեր ուսումնասիրություններ:

Եգանյանը նշեց, որ, ի տարբերություն նախորդ երեք աղբյուրների, ուսումնասիրությունները միգրացիայի որակյալ բնութագիր են տալիս:

«Ընտրովի ուսումնասիրությունները թույլ են տալիս պարզելու երկիրը լքելու մարդկանց հիմնական դրդապատճառները, պայմանները, որոնցում նրանք ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, և այդ միգրացիայի արդյունքները: Նմանատիպ հետազոտություններ շատ հազվադեպ են անցկացվում, հիմնականում՝ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասաց նա: -0-