ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մոսկովյան բիթ» ռեստորանի տնօրեն Արթուր Ազարյանը BBC ռուսական ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ծագել գաղտնի բաղադրատոմսով պատրաստվող «ռուսիանո» սուրճը ճաշացանկում ընդգրկելու գաղափարը:
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի առաջարկը ոգեշնչել է ռուսաստանցի ռեստորանատերերին: «Ռուսիանո» անվանումով սուրճ է հայտնվել արդեն Մոսկվայի մի քանի ռեստորանների մենյուում:
«Դմիտրի Անատոլիևիչի ասածից հետո մենք որոշեցինք սկզբում կատակել սոցցանցերում: Իսկ այնուհետև ավագ բարմենի հետ գաղտնի բաղադրատոմս հնարեցինք»,- պատմել է Ազարյանը:
Նրա խոսքով, «ռուսիանո»-ն բառացիորեն մեկ շաբաթից կհայտնվի ռեստորանի հիմնական ճաշացանկում:
Խոսելով «ամերիկանոյից» «ռուսիանո» սուրճի տարբերությունների մասին՝ գործարարը հայտնել է, որ նոր սուրճի բաղադրության մեջ նաև մեղր կլինի: «Բաղադրատոմսի մյուս բաղկացուցիչներն առայժմ չենք պատմի: Բայց համը, ինչպես նոր նշեց հյուրերից մեկը, «Ռուսաստանի համն է»»,- ավելացրել է Ազարյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում