Երիտասարդ հայուհին մահացել է Բելգորոդում անօրինական պլաստիկ վիրահատության ժամանաակ

26.01.2017, 15:37
Երիտասարդ հայուհին մահացել է Բելգորոդի մանկական հիվանդանոցում` անօրինական պլաստիկ վիրահատության ժամանակ։
Երիտասարդ հայուհին մահացել է Բելգորոդում անօրինական պլաստիկ վիրահատության ժամանաակ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ հայուհին մահացել է Բելգորոդի մանկական հիվանդանոցում` անօրինական պլաստիկ վիրահատության ժամանակ, հաղորդում է Life-ը:

Բժիշկները չեն հասցրել վերակենդանացնել 24-ամյա Մանե Մարտիրոսյանին, երբ նա վատացել է քթի պլաստիկ վիրահատության ժամանակ:

Նա պլանավորել էր ռինոպլաստիկա անել դեռևս պատանեկության տարիներին` 10-րդ դասարանում: Նա երազում էր վերացնել քթի կորությունը: Նույնիսկ տարիքը, թե երբ կանի վիրահատությունը, որոշել էր նախապես` 24 տարեկանում: 2016 թ.-ի հոկտեմբերին նա որոշեց դիմել բժիշկներին:

 - рис.1

«Ես անընդհատ ասում էի, որ հարկավոր չէ անել դա Բելգորոդում. մենք չունենք պլաստիկ վիրաբույժներ, միայն սովորական, - պատմել է Մանեի մայրը` Սուսաննա Մալխասյանը, – Նույնիսկ զանգահարել եմ Հայաստան, պայմանավորվել այնտեղի պլաստիկ վիրաբույժի հետ: Սակայն նա ցանկանում էր վիրահատությունն անել մինչև Նոր տարին և ասում էր, որ արդեն լավ բժիշկ է գտել Բելգորոդում»։

Մանեն երկար ժամանակ ծնողներին չէր հայտնում այն, թե ով է կատարելու վիրահատությունը: Թե ինչպես է գտել բժիշկին` ևս: Խորհրդակցում էր հիմնականում քրոջ` Սերինայի հետ:

«Բժիշկին նա գտել է համացանցում, - նշել է Սերինան, - Կարդացել է նրան տրված գնահատականները, կապվել է տղամարդու հետ, ով նրան խորհուրդ է տվել այդ բժիշկին: Վերջինս նրան պատմել է, որ իր կինն արդեն վիրահատվել է վիրաբույժի մոտ: Հոկտեմբերի 21-ին նա գնացել էր բժիշկի մոտ առաջին խորհրդատվության»:

Վիրաբույժը, որին դիմել է Մանեն, Լեոնիդ Պաժինսկին է, ով Մանկական շրջանային կլինիկական հիվանդանոցի օտոլարինգոլոգիական բաժնի վարիչն է: Վիրահատությունը նշանակվել է դեկտեմբերի 23-ին: Դրանից մեկ օր առաջ Մանեն կրկին եղել է մասնագետի մոտ` խորհրդատվության, որտեղ իմացել է, որ գումարի մեծ մասը պետք է վճարի վիրաբույժին կանխիկ:

Երբ Մանեն իմացել է, որ գումարը տեղավորվում է իր նախատեսածի մեջ, որոշել է կատարել վիրահատությունը: Նա դրամարկղում վճարել է 9 672 ռուբլի, ևս 60 000-ը տվել է անձամբ Լեոնիդին: Հիվանդանոցի կողմից տված փաստաթղթերում գրանցված է, որ վճարումը կատարվել է ոչ թե ռինոպլաստիկայի, այլ քթի միջնապատի ենթալորձաթաղանթային անդամահատության համար, հաղորդում է պարբերականը:

Իրենց դստեր մահվան պատճառը պարզելու համար Մանեի ծնողները դիմել են իրավապահ մարմիններին: Դեկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ «պաշտոնական պարտավորությունները սխալ իրականացնելը, որն անզգուշուդյամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով։

«Մահվան պատճառ է դարձել մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը: Ներկայում քրգործով կատարվում է դատաբժշկական համալիր փորձաքննություն, որը թույլ կտա պարզել բժիշկների մեղքի աստիճանը: Բացի այդ, հետաքննչական գործողություններ են տարվում` դեպքի բոլոր հանգամանքների պարզելու նպատակով: Քրեական գործի քննությունը շարունակվում է», - հայտնել է Բելգորոդի մարզի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ելենա Կոզիրևան։–0–