Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը

28.06.2017, 11:55
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում AZAL ավիաընկերության ներկայացուցիչ Ռահիբ Իսաևը սպառնացել է լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը, նշելով, որ այդ կերակրատեսակը ոտնահարում է ադրբեջանցիների ազգային զգացմունքները։ 

Այդ տեղեկությունը նախօրեին հայտնվել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում։

Վերջին օրերին սոցցանցերում տեսանյութ է պտտվում, թե ինչ իրարանցում է ստեղծել «Աէրոֆլոտով» Բաքու մեկնող ուղևորների շրջանում նրանց առաջարկված հայկական ձևով պատրաստված հնդկահավը։

Իսաևի խոսքով, ցանկացած ավիաընկերություն պետք է հաշվի առնի իր հաճախորդնրի ցանկությունները, և Մոսկվա–Բաքու չվերթի ուղևորներին «հայկական ձևով հնդկահավ» առաջարկելը սխալ էր։

Загружается новость ... "Лево"

Այդ իսկ պատճառով, աղբյուրների տվյալներով, նա խոստացել է դիմել «Աէրոֆլոտ»` այդ սխալն ուղղելու խնդրանքով։

Ինչպես նշվում է «Աէրոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական կայքում, ավիաընկերության էկոնոմ կարգի ուղևորների կերակրացանկը մշակել է «Աէրոմար» ընկերության շեֆ խոհարար Թիերի Մոնը, ով բիզնես–ավիացիայում աշխատանքային հսկայական միջազգային փորձ ունի։ Կախված ուղղությունից, թռիչքի ժամից և տևողությունից` «Աէրոֆլոտի» չվերթերի ուղևորներին առաջարկվում են նախաճաշ, ճաշ կամ նախուտեստներ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզել է, որ Մոսկվա–Բաքու չվերթի ուղևորներին բարկացրած կերակրատեսակը կոչվում է ամիչ։

«Ամիչ. այսպես է կոչվում հայկական ավանդական ճաշատեսակը` լցոնած հնդկահավը։ Այն լցոնում են տարատեսակ հատիկավորներով` բրինձ, ցորեն կամ հաճար, ամիչը պատրաստվում է թոնրում 3–4 ժամվա ընթացքում», – ասել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ -0-