ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում երկու փոքրիկ տղաների վիրահատություն է անցկացվել` եզակի ծավալով և բարդությամբ։ Կենտրոնից հայտնում են, որ հեռացվել է նրանց կատարակտը և ակնային սպին, որ խանգարում էր աչքի բնականոն աճին։
Բարդ գործողությունն իրականացնում է ճանաչված վիտրեոռետինալ վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը, իսկ աշխատանքին հետևում էր հանրաճանաչ վիրաբույժ Թոմաս Լին։
«Ծնվելուց հետո երեխաների թերի զարգացման պատճառով զարգացել է մի վիճակ, որը խանգարում է թե՛ տեսողությունը, թե՛ աչքի բնականոն աճին», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը:
Загружается новость ... "Лево"
«Երկու երեխաների առողջական վիճակը մի քանի շաբաթ է՝ քննարկվում է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի միջազգային մենթորների՝ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լիի և Միացյալ Թագավորության Մուրֆիլդսի աչքի հիվանդանոցի և Royal Free London հիվանդանոցի մանկական ռետինայի վիրաբույժ Սուի Չեն Ուոնգի հետ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ, չնայած վիրահատությունները բարդ և եզակի են, հայ բժիշկներն իրենց ուժերով լրիվ պատրաստ են այն իրականացնել, իսկ մենթորները նրանց կհետևեն հեռաբժշկության համակարգով», – հավելեց նա:
Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին, որ վիրահատության ընթացքին հետևում էր հեռաբժշկության համակարգով, վիրահատությունից հետո ասաց. «Վիրահատությունը շատ լավ անցավ: Բժիշկները կարողացան ոչ միայն մաքրել երեխայի կատարակտը, այլ նաև դրա հետևի զարկերակի մնացորդները: Վիրահատության ընթացքը գերացանց էր, ոչ մի բարդություն չեմ տեսնում և կարծում եմ, որ այս երեխան հրաշալի տեսողության ներուժ ունի»:
Արտասահմանյան լուրջ վերապատրաստում անցած հայ մասնագետներով և գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում վերջին տարիներին արդեն բուժում են ստանում փոքրիկներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև տարածաշրջանի մի քանի երկրից: Հայաստանում անհասության ռետինոպաթիայի ստուգման և բուժման ազգային ծրագիրը Հայկական ակնաբուժության նախագիծը սկսել է 2010թ.-ին, իսկ 2014թ.-ին հիմնել Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը:
2010թ.-ից մինչև 2017թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում 6.300-ից ավելի թիրախային խմբի երեխա ենթարկվել է ակնային առաջնային և ընթացիկ ստուգումների, 15.500-ից ավելի անհասության ռետինոպաթիայի ստուգում է իրականացվել, շուրջ 120 երեխա լազերային բուժում, իսկ 85-ը՝ ներակնային սրսկում է ստացել, 44 վիտրեոռետինալ և հարակից վիրահատություն է իրականացվել՝ այս ամենը՝ փոքրիկներին կուրությունից փրկելու նպատակով:
«Ես շատ տպավորված եմ Հայաստանի բժիշկների հմտությունների զարգացման արդյունքներով, ովքեր վերապատրաստվել են՝ իրականացնելու այսպիսի բարդ վիրահատություն: Հրաշալի աշխատանք է՝ տպավորիչ արդյունքով», – ասաց Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին: –0–