5 ընթրիք, որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար

23.11.2021, 18:59
Ներկայացնում ենք 5 ընթրիք, որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար
5 ընթրիք, որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վաղուց ապացուցված է, որ ընթրիքը սննդակարգի կարևոր հատվածն է, և այն չի կարելի բաց թողնել, նույնիսկ եթե դիետա եք պահում։ Միաժամանակ, ցանկալի է, որ այն թեթև և միաժամանակ սննդարար լինի։

AdMe.ru–ն ներկայացնում է ընթրիքի մի քանի տարբերակներ, որոնք կհավանեն ոչ միայն կազմվածքին հետևողները, այլ նաև նրանք, ովքեր համեղ ուտել են սիրում։

1. Ձուկ` կանաչ լոբուց պատրաստած խավարտով

 - рис.1

Բաղադրիչներ

 • 150 գ ձուկ 
• համեմունքներ
• 1 կիտրոն
• 200 գ կանաչ լոբի
• 1/2 թ.գ. աղ
• 20 գ սերուցքային կարագ
• 1 թ.գ. կիտրոնի հյութ
• 2 ճ.գ. մաղադանոս

Պատրաստման եղանակը

Ձուկը լվանալ, դնել եռացող և նախապես աղ արած ջրի մեջ, եփել դանդաղ կրակի վրա 10-15 րոպե։ Կարելի է ջրին նաև կանաչի և կիտրոն ավելացնել։ Լոբին լվանալ, դնել կաթսայի մեջ, աղ ավելացնել և եռացնել։ Կափարիչը փակել պետք չէ։ Խաշվելուց հետո ջրքամել, այնուհետև մի քանի րոպեով իջեցնել սառը ջրով կաթսայի մեջ, որ այն վերականգնի գույնն ու կառուցվածքը։ Կրկին ջրքամել, տաքացնել տապակի վրա մատուցելուց առաջ, ավելացնել աղ, պղպեղ, սերուցքային կարագ, մաղադանոս և կիտրոնի հյութ։ Մատուցել ձկան հետ։ 

2.Կաթնաշոռով լցոնած տաքդեղ

 - рис.2

Բաղադրիչներ

• 5 ոչ մեծ բուլղարական տաքդեղ 
• 100 գ թթվասեր
• 400 գ կաթնաշոռ
• մի պտղունց աղ
• 2 պճեղ սխտոր
• թարմ կանաչի (մաղադանոս, սամիթ, համեմ, սուսամբար, ռեհան)
• պղպեղ
• 1/2 թ.գ.չաման

Պատրաստման եղանակը

Սխտորը քերել քերիչով, կանաչին մանր կտրատել։ Խառնել կաթնաշոռի և թթվասերի հետ, որ ստացվի խիտ զանգված։ Այնուհետև նախապես երկու կես արած և սերմերից մաքրած տաքդեղի կեսերը լցոնում ենք կաթնաշոռի խճողակով։ Մեկ ժամով տաքդեղները դնել սառնարան, ինչից հետո կարելի է մատուցել։

3. Բազուկի ապուր

 - рис.3

Բաղադրիչներ

• 4 բազուկ
• 400 գ կարմիր կաղամբ
• 400 գ կարտոֆիլ
• 1 սոխ
• 200 մլ կաթ (կարելի է նաև սոյայի)
• կանաչի
• 1 ճաշի գդալ քնջութի յուղ 
• աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Բազուկը, սոխը և կարտոֆիլը մաքրել և կտրատել խոշոր խորանարդիկներով։ Կաղամբը նույնպես խոշոր կտորների ենք կտրատում։ Դնում ենք կաթսայի մեջ, ջուր ավելացնում և խաշում մոտ 15-20 րոպե մինչև պատրաստ լինելը։ Բաղադրիչները մանրացնում ենք բլենդերով մինչև միատարր զանգված, ավելացնում քնջութի յուղ և կաթ, ավելացնում աղ, պղպեղ և խառնում։ Մատուցելուց առաջ կարելի է վրան ցանել կտրատած կանաչի և սոյայի սերուցք` ըստ ճաշակի։ 

4. Հավի կրծքամիս` բանջարեղենով

 - рис.4

 Բաղադրիչներ

• 1 կրծքամիս
• 1/2 գլուխ սոխ
• 1 գազար
• 1 դափնու տերև
• աղ, պղպեղ
• 2 լոլիկ
• 1 վարունգ
• 1 բուլղարական տաքդեղ
• հազարի տերևներ
• կիտրոնահյութ

Պատրաստման եղանակը

Լվանալ կրծքամիսը և վրայից հանել կաշին։ Դնում ենք հավի միսը կաթսայի մեջ, ավելացնում ենք այնքան ջուր, որ ծածկի միսը։ Եռալուց հետո ավելացնում ենք գազար, սոխ, աղ, պղպեղ։ Պատրաստում 20-30 րոպե, այնուհետև հանում կրակի վրայից։ Արգանակը նույնպես կարելի է օգտագործել։ Խառնում ենք աղցանի համար նախատեսված բոլոր բաղադրիչները` լոլիկը, վարունգը, տաքդեղը, հազարը, և ավելացնում մսին։ Վրան ավելացնում ենք կիտրոնահյութը և մատուցում միասին։ 

5. Բանջարեղենային ջեռեփուկ

 - рис.5

Բաղադրիչներ

 • 500 գ բրոքոլի
• 250 մլ կաթ
• 4 հավկիթ
• 1 պճեղ սխտոր
• 150 գ ֆետա պանիր
• 2 ճ.գ. ալյուր
• մի պտղունց աղ
• կանաչի

Պատրաստման եղանակը

Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան։ Կիսել բրոքոլին մանր բույլերի և տեղավորել թխման տարայի մեջ։ Առանձին տարայում խառնել կաթը, ձուն, մանր քերած ֆետան, սխտորը, ալյուրը, կանաչին և լցնել բրոքոլիի վրա։ Թխել 40 րոպե։ 

Բաղադրատոմսերի աղբյուրը` kitchenmag։

Բարի ախորժակ։ -0-