Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ–ը հորդորում է զգոն լինել

29.06.2017, 12:02
Ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում։
Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ–ը հորդորում է զգոն լինել
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով հանրության շրջանում հետաքրքրությունն ու անհանգստությունը՝ ՀՀ ԱԻ նախարարությունը անդրադառնում է շոգ եղանակին ակտիվացած սողունների հանդիպելիս ճիշտ վարքականոններին:

Մարդիկ սովորաբար սարսափում են սողունների հենց միայն տեսքից և հաճախ չեն կարողանում ճիշտ գործել։

Загружается новость ... "Лево"

Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Եթե կարողանաք արագ կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ, ապա հնարավոր կլինի խուսափել վատագույնից։

Ի՞նչ անել

  •  Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։
  • Հնարավորության դեպքում աշխատեք հիշել օձի տեսքը։
  • Օձի խայթոցից հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջ, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։
  •  Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։
  • Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։
  • Եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։
  • Թունավոր օձի խայթելու դեպքում ժամանակն ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարևոր է արագ ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին տվեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Загружается новость ... "Право"

Ի՞նչ չի կարելի անել

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցների դեպքում։
  • Մի' արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։
  • Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի' արեք, մի' այրեք վնասված հատվածը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։
  • Մի' օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են հակառակ ազդեցություն ունենալ։
  •  Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետևանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
  •  Տուժածին մի' տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։

ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն և սողունների սեզոնային ակտիվացումը չդիտարկել որպես մեծ վտանգ:–0–