ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Մուրացան» ԲԿ–ում մահացել է մայիսի 3–ին Երևանում ծնված հնգյակից տղան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
«Երեխան մահացել է կիրակի կեսօրին խորը անհասության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով», – նշեց Հայթայանը։
Նախօրեին
հայտնել էինք, որ տղայի վիճակը կտրուկ վատացել էր, սակայն բժիշկներին հաջողվել էր կայունացնել այն։
Հայթայանն ավելացրեց, որ կենդանի մնացած երկու աղջիկների վիճակը կայուն է, գրանցվում է դրական դինամիկա։
Աղջիկներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում, մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանկան գիտահետազոտական կենտրոնում։
Մայիսի 3–ի գիշերը «Էրեբունի» ԲԿ–ում ծնվել էր հնգյակ՝ տղա և չորս աղջիկ, որից երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին:
Ծնվելուց անմիջապես հետո երեխաները տեղափոխվել էին տարբեր բժշկական կենտրոններ՝ վերականգնումն արագ կազմակերպելու նպատակով: Նշենք նաև, որ երեխաները լույս աշխարհ են եկել 28 շաբաթականում։–0–