Հայաստանցի դպրոցականները բրոնզե մեդալ են նվաճել Փարիզում անցկացված քիմիայի օլիմպիադայում

30.07.2019, 17:35
Առջևում Աստղագիտության և Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան է:
Հայաստանցի դպրոցականները բրոնզե մեդալ են նվաճել Փարիզում անցկացված քիմիայի օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։

Ինչպես հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։ Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը և անդամ Արմեն Գալստյանը։

Загружается новость ... "Лево"

Քիմիայի միջազգային օլիմպիադայում բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։

Հիշեցնենք, որ 2018 թ-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Սլովակիայում և Չեխիայում,  մեր թիմը մրցանակների չէր արժանացել։

Առջևում Աստղագիտության և Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան է, որն անցկացվելու է օգոստոսի 2-10-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում։-0-