ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Դպրոցականներն ու նախադպրոցական հաստատությունների սաները կգտնվեն փորձագետների վերահսկողության տակ ՍՇՎ–ով հիվանդանալու ռիսկի կապակցությամբ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը։
Նրա խոսքով` չնայած երկրում գրանցվող հիվանդացության մակարդակի անկմանը, փետրվարի 1–ին դպրոցական դասերի մեկնարկի կապակցությամբ հիվանդության երկրորդ ալիքի ռիսկ է առաջանում։
«Դպրոցական արձակուրդների երկարացումը թույլ տվեց գրանցել հիվանդության անկման միտում, և երկրորդ բռնկումը բացառելու համար դպրոցներում ու մանկապարտեզներում գործելու է հակահամաճարակաբանական ֆիլտր», – ասաց Վանյանը։
Նա նշեց, որ դա նախատեսում է վերահսկողություն կրթական և նախադպրոցական հաստատությունների բուժանձնակազմի, ինչպես նաև ուսուցիչների և դաստիարակների կողմից, որոնք հիվանդության առաջին ախտանիշների դեպքում (հարբուխ, հազ, փռշտոց, թուլություն) կմեկուսացնեն երեխաներին։
Նրա խոսքով`Առողջապահության նախարարության առաջարկով դպրոցներում չեն անցկացվելու ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները, ինչպես նաև կփակվեն ճաշարանները։
«Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին երեխաների մոտ նկատվող առաջին ախտանիշների դեպքում նրանց չուղարկել դպրոց և մանկապարտեզ», – ասաց Վանյանը։
Նրա խոսքով` Առողջապահության նախարարությունը խստորեն վերահսկելու է կրթական և նախադպրոցական հաստատությունների ջերմաստիճանային ռեժիմը։
ԱՆ–ի տվյալներով, Հայաստանում նկատվում է ՍՇՎ–ով հիվանդացության նվազում, հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում մոտ 700 հիվանդ։ Հունվարի 1–ից մինչ օրս ՍՇՎ–ով և հիվանդությունից հետո առաջացած բարդություններով Հայաստանի հիվանդանոցներ է դիմել 3 հազար մարդ։
Հայաստանում գրանցվել է 18 մահվան դեպք, որոնց պատճառը H1N1 վիրուսից առաջացած բարդություններն են։ –0–