Երևանն ընդգրկվել է մայիսյան տոների համար նախատեսված հանգստավայրերի լավագույն եռյակում
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը դարձել է մայիսյան տոների համար նախատեսված երրորդ ամենահանրաճանաչ հանգստավայրը երեխաներով զբոսաշրջիկների համար: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին ասվում է OneTwoTrip տուրիստական ծառայության մամուլի հաղորդագրության մեջ, որը համապատասխան ուսումնասիրություն է անցկացրել:
OneTwoTrip-ի վերլուծության համաձայն, հանգիստը Երևանում, թռիչքի և բնակության հետ միասին, կկազմի մոտ 50 հազար ռուբլի:
Վարկանիշային աղյուսակում առաջատարն է Լառնական: 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նրա հանրաճանաչությունն աճել է 30 տոկոսով: Երկկողմանի թռիչքը մեկ անձի համար կկազմի միջինը 22 հազար ռուբլի: Ընդ որում, նշվում է, որ շատ ավիաընկերություններ երեխաների համար տրամադրում են մինչև 25 տոկոս զեղչ: Մեկ շաբաթը նախաճաշով չորս աստղանի հյուրանոցում կարժենա մոտ 34 հազար ռուբլի, երկու անգամյա սնունդով` 45 հազար: Կիպրոս ճամփորդության նվազագույն արժեքը ընտանիքի համար կկազմի 99 հազար ռուբլի:
Ըստ հանրաճանաչության երկրորդն է թուրքական Անթալիան: Ուսումնասիրության մեջ նշվում է, որ մայիսի սկզբին երկու չափահասից և մեկ երեխայից կազմված ընտանիքի համար երկկողմանի թռիչքի միջին արժեքը կկազմի մոտ 50 հազար ռուբլի: «Ամեն ինչ ներառված է» համակարգով բնակությունը հինգ աստղանի հյուրանոցում կկազմի օրական ևս 5 հազար ռուբլի, իսկ չորս աստղանի հուրանոցում` 4 հազար:
Միջերկրական ծովի ափին մեկ շաբաթյա հանգստի նվազագույն արժեքը ընտանիքի համար կկազմի 78 հազար ռուբլի (չորս աստղանի հյուրանոց և թռիչք):
Հռոմը զբաղեցրել է չորրորդ տեղը (մոտ 105 հազար ռուբլի), Թբիլիսին` հինգերորդ (66 հազար ռուբլի): -0-

