ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգավածի այգում, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի «Շողակաթ»-ի այգում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Սա արդեն 5-րդ նմանատիպ ծրագիրն է, որ իրականացվում է Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի հետ համագործակցության շրջանակում։
Ճոճանակների շահագործման մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցել են նաև Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Ուլիխանյանը և Արմեն Սարգսյանը:
Հատուկ նախագծով և չափանիշներով պատրաստվող ճոճանակները տեղադրվում են վերջին երկու տարիներին վերանորոգված ու մանկական մարզական խաղ-գույքով համալրված զբոսայգիներում։–0–