ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ անկախության 27–րդ տարեդարձի օրը Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով։ Այս մասին հաղորդվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook–յան էջում։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ,նախաձեռնությունը պատկանում է Վրաստանում ՀՀ դեսպանությանը։
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 27–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991 թթ.)։Հայկական պետականությունը վերականգնվել է իր գոյության և ազգային ինքնության պահպանման համար ժողովրդի բազմադարյա պայքարի արդյունքում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում